Այս տարի մեքենաների ներկրումը 100 տոկոսով ավելացել է, ներկրված մեքենաների մեծ մասը մինչև 5000 դոլար արժողության է. Վարդան Հարությունյան

13:33 • 04.10.17

 

Այս տարի մեքենաների ներկրումը նախորդ տարվա համեմատ հարյուր տոկոսով ավելացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը` նկատելով, որ այս տարի ներկրվել է 21 հազար մեքենա, որոնց թվում ԵԱՏՄ-ից ներկրված մեքենաները շատ փոքր տոկոս են կազմում։

«Հիմնականում երրորդ երկրներից է ներկրումը։ Իսկ ներկրված մեքենաների մեծ մասը` 21 հազար ներկրված մեքենաների գրեթե 18-19 հազարը մինչև հինգ հազար դոլար արժողության են»,– նշեց ՊԵԿ նախագահը:

Նրա փոխանցմամբ` նախկինում, եթե հսկիչ գները դոմինանտ կիրառվում էին, այժմ հնարավորություն են տվել գնորդին, ներկրողին, որպեսզի նա այլընտրանք ունենա և կարողանա կայքերի միջոցով տեղեկացնել, ցույց տալ, թե որտեղից, ինչ աճուրդից է գնել մեքենան, ինչ գնով է ձեռք բերել:

«Այդ պարագայում, եթե հիմնավորվում է դրա ձեռք բերման աղբյուրը, կիրառում ենք այն գինը, որը կա համապատասխան երկրի կայքում: Չնայած մեր չակերտավոր ճարպիկ որոշ ներկրողներ արդեն փորձել են կեղծ սայթեր սարքել, որի արդյունքում փորձում են մոլորության մեջ գցել մաքսային մարմիններին, բայց դա հայտնաբերվող երևույթ է։ Խորհուրդ կտամ նման մանիպուլյացիաների չդիմել»,-ասաց ՊԵԿ նախագահը: