Եթե Փաշինյանին բռունցքներով հարվածած լինեի, կլիներ հիվանդանոցում, ոչ թե «Ֆեյսբուքում» մտավարժություններով կզբաղվեր. Արտաշես Գեղամյան
Հայաստանի հանրապետական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը տղամարդկային վարմունք չի համարում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:
«Ոչ մի տղամարդ, որը հանկարծ, հանգամանքի բերումով մեկ այլ տղամարդու հետ վիճաբանում է, դրա մասին չի տարածում: Դա սկզբունքն է իմ, իսկ թե ով որտեղից ինչ հայտարարություն արեց, ապա ասեմ, որ եթե ես հանկարծ վիճաբանեի, առավել ևս բռունքցներով, նա հիվանդանոցում կլիներ և ոչ թե «Ֆեյսբուքում» մտավարժություններով կզբաղվեր»,– Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ ասելով, որ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։
«Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։
Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»,-մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցին՝ թե Նիկոլ Փաշինյանն էլ գրել է, որ հաջողությամբ պաշտպանվել է ու մի երկու անգամ էլ կոշիկները փայլեցրել իր վրա, ԱՄ նախագահն ասաց.«Մալադեց, բայց խի՞ ա ըտենց վառված, որ դրա մասին րոպե առաջ ուզում է ասել»:
Արտաշես Գեղամյանը պատասխանեց նաև երեկ ԵԱՏՄ–ից դուրս գալուն սխալմամբ կողմ քվեարկելու մասին հարցին։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Արտաշես Գեղամյանը ճակատագրի հեգնանք չի՞ համարում այն, որ երեկ սխալմամբ կողմ էր քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին:
«Բացարձակապես ոչ, որովհետև իմ տեսակետներն այնքան անսասան են ու բոլորի համար ակնհայտ, որ այստեղ ոչ մի ճակատագրի բան չի կարող լինել: Պարզապես սարքը չաշխատեց»,-ասաց նա:
Միստիկային էլ չի հավատում ու ասում, որ դրան հավատում են միայն խավարամիտները:
Արտաշես Գեղամյանը ասում է նաև, որ Ռուսաստանի հարցում իր համոզմունքները այքան անսասան են, որ չի կարծում, թե այս առումով հետագայում երբևէ կարող է կասկածներ կամ խղճի խայթ ունենա։










