Մի հարց կա, որ դեռ չենք կարողանում լուծել՝ ո՞ւմ համար է ԵԱՏՄ-ն. Վ. Պուտինի խորհրդական
Եվրասիական տնտեսական միությունն աշխատում է երրորդ երկրների հետ համագործակցելու, ազատ առևտրի գոտիներ ստեղծելու ուղղությամբ: Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Նա նշեց, որ Վիետնամի հետ արդեն գործում է ազատ առևտրի գոտի, իսկ նման հարթակ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հնդկաստանի, Չինաստանի, Սինգապուրի հետ:
Միաժամանակ, Գլազևն ասաց, թե «թվում է, որ ամեն ինչ լավ է, բայց քննարկումները շարունակում են»:
«Մի հարց կա, որ մենք դեռ չենք կարողանում լուծել՝ ո՞ւմ համար ենք մենք ստեղծել ԵԱՏՄ-ն՝ տեղական արտադրողի՞, բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անդամակցե՞լ, թե՞... Եթե ստեղծել ենք նրա համար, որ մեր արտադրությունը ընդլայնվի, զարգանա, ապա դրա համար ընդհանուր շուկա ստեղծելը բավարար չէ, հարկավոր է միասնական արտադրություն: Պետք է ստեղծել կորպորացիաներ, արդյունաբերական կորպորացիաներ, որոնք պետք է ԵԱՏՄ զարգացման համար դառնան նոր փուլ: Տևական ժամանակ է մենք դոփում ենք տեղում, կորցրել ենք անգամ այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք մինչ այս պահը»,- ասաց նա:
Սերգեյ Գլազևը շեշտեց, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև դեռևս կան մաքսային խոչընդոտներ, որոնք հաղթահարել է պետք:
«Մաքսային խոչընդոտները, դրանք դեռևս շարունակվում են: ԱՄՆ կողմից կիրառված տնտեսական վերջին պատժամիջոցները դրա վկայությունն են: Կան սանկցիաներ ՌԴ նկատմամբ, իսկ մնացածի նկատմամբ չկան, և մաքսային տուրքերի տարբերություն է առաջացել»,- նշեց նա:
Նա կարևորեց նաև ներդաշնակ գործելու ու պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը:
«Հայաստանը կարող է լինել ինովացիոն գործընկեր ԵԱՏՄ-ում»,- հավելեց նա:










