Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին հեռացրել են սեփական ընկերությունից սեռական ոտնձգությունների համար

10:00 • 09.10.17

Ամերիկյան Weinstein Company կինոընկերության տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացրել է ընկերության հիմնադիր Հարվի Վայնշտեյնին, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար, հայտնում է The Guardian-ը:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարվի Վայնշտեյնի անհարիր պահվածքի մասին ի հայտ եկած տեղեկությունների ֆոնին, Weinstein Company-ի տնօրենները որոշում են կայացրել ու արդեն տեղեկացրել են Հարվի Վայնշտեյնին, որ նրա աշխատանքն ընկերության հետ այլևս դադարեցված է»,-ասվում է տնօրենների խորհրդի հայտարարությունում:

Աղբյուրը նշում է, որ Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ՝ խոստանալով օգնել նրանց դերասանական կաիրերայի առաջխաղացմանը: Հայտնի է, որ պրոդյուսերի «զոհերի» մեջ կան ճանաչված դեմքեր:

Ինքը՝ Վայնշտայն ներողություն է խնդրել իր պահվածքի համար ու խոստովանել, որ այդպիսով ցավ է պատճառել շատերին:

 

 

Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին հեռացրել են սեփական ընկերությունից սեռական ոտնձգությունների համար