ԵԽԽՎ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:
Բանաձևում վեհաժողովը մտահոգություն է հայտնել քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի առնչությամբ՝ կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով, հայտնում է minval.az-ը: Պատվիրակները նաև մտահոգություն են հայտնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:
Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Նախօրեին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն արձագանքել է կազմակերպությունում երկրի քննադատությանը և նշել է, թե իրենք գիտեն՝ «ինչ ուժեր են կանգնած նրանց հետևում»։










