Ղրղզստանին անհրաժեշտ է լավ մենեջերական փորձով նախագահ. НГ-ի անդրադարձն այդ երկրում սպասվող ընտրություններին

13:43 • 13.10.17

Ղրղզստանում կիրակի կայանալու են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու է նախագահի 11 թեկնածու: Հանրապետության անկախության 26 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է կայանալ Սահմանադրությամբ իշխանության խաղաղ փոխանցում: Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը խոստացել է արդար ընտրություններ անցկացնել՝ մրցակցային պայքարով, գրում է Независимая Газета-ն:


Փորձագետների կարծիքով՝ քվեարկության արդյունքներն անկանխատեսելի են: Նրանք հնարավոր են համարում իրավիճակի զարգացման սցենարի մի քանի տարբերակ՝ ընդհուպ կրկնակի ընտրություններ:


Ղրղզստանում նախընտրական արշավն աղմկոտ և սկանդալային է եղել: Նախագահի պաշտոնի թեկնածուները մրցարշավում օգտագործել են վարչական ռեսուրսներ, սև PR, քարոզչությանը ներգրավել են կրոնական գործիչների և քրեական դեմքերի, օգտագործել են անգամ հարևան պետությունների առաջնորդներին: Այսպես, Ղրղզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ գնահատվել է Բիշքեկի կողմից որպես Ղրղզստանի ներքին գործերին Աստանայի միջամտություն: Ղազախստանի ԱԳՆ-ն խստորեն հերքել է մեղադրանքը:


Բայց իրավիճակն արդեն հասցրել է սրվել և քիչ էր մնում, որ գործը հասներ Ղազախստանի կողմից սահմանը փակելուն: Այնուամենայնիվ, սահմանի մոտ հսկայական հերթեր են գոյացել:


Պաշտոնական վարկածով՝ Ղազախստանը Ղրղզստանի ընտրություններից առաջ ուժեղացրել է պետական սահմանին հսկողությունը: Արդյունքում՝ սահմանային անցակետերում մարդիկ հսկիչ-անցագրային կետերում ստիպված են եղել սպասել 7-10 ժամ:  


Նախագահական աթոռի համար պայքարն ընթանում է հիմնականում երկու թեկնածուի՝ իշխանության աջակցությունն ունեցող նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի և ևս մի նախկին վարչապետի՝ Օմուրբեկ Բաբանովի միջև: Դիտորդների կարծիքով՝ մյուս թեկնածուները նախընտրական պայքարի ֆոն են ստեղծում: Նրանց աջակիցների ձայները կարևոր են լինելու ընտրությունների երկրորդ փուլում, եթե նախագահին ընտրել չհաջողվի առաջին փուլում:


Հաղորդվում է, որ մտահոգություն է առաջացնում նաև Ղրղզստանի հյուսիսի ու հարավի միջև պառակտման խորացումը: Փորձագետների խոսքերով՝ ներկայիս ընտրությունները կարող են այդ պառակտումն է՛լ ավելի սրել, քանի որ նախընտրական արշավի ժամանակ Աթամբաև-Ժեենբեկով թիմն է՛լ ավելի է ակտիվացրել պառակտման գործոնը և ակտիվ այն օգտագործել հակառակորդների հետ պայքարում:


Փորձագետների կարծիքով՝ ապագա նախագահին կպահանջվի փոխզիջումներ գտնելու մեծ հմտություն իշխանական լիազորությունների և երկրի էլիտայի խմբերի միջև ֆինանսական հոսքերի վերահսկողությունը բաշխելիս՝ իրավիճակի կայունացման և հավասարակշռման համար: Դա հաշվի առնելով՝ Ղրղզստանին անհրաժեշտ է լավ մենեջերական փորձով մարդ, որը կկարողանա ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, այլ ոչ թե պարզապես օգտագործել «հետխորհրդային բնույթի վարչական լծակները»: