Կատալոնիայի ղեկավարը չի պարզաբանել՝ անկախություն հռչակվել է, թե ոչ, փոխարենը՝ Իսպանիայի վարչապետին առաջարկել է հանդիպել
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին ուղղված նամակում չի հստակեցրել, թե արդյոք նա անկախություն է հռչակել ինքնավար շրջանում՝ բաց թողնելով Իսպանիայի կառավարության կողմից նախանշված վերջնաժամկետը, որը լրանում էր երկուշաբթի՝ առավոտյան 10-ին: Այդ մասին հայտնում է Pais թերթը՝ վկայակոչելով կատալոնացի քաղաքական գործչի նամակը:
Փոխարենը՝ Կատալոնիայի ղեկավարն առաջարկել է Մարիանո Ռախոյին երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Երկխոսության մեր հրավերը մնում է ազնիվ և անկեղծ: Այդ առնչությամբ առաջիկա երկու ամիսներին մեր առաջնահերթ խնդիրն է մնում երկխոսություն սկսել»,- գրել է Պուչդեմոնը՝ չպատասխանելով շրջանի կարգավիճակի մասին հարցին:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել է Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:










