ԵՄ որոշ երկրներ չեն հասցրել թարգմանել Հայաստանի հետ համաձայնագրի տեքստը, խնդրի կարգավորման համար քայլեր են արվում. Շիրակ Թորոսյան

09:24 • 19.10.17

Եվրամիության անդամ պետություններ կան, որոնք դեռևս չեն հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Պատգամավորն ասաց, թե չի կարծում, որ ԵՄ-ում երկրներ կան, որոնք չեն ուզում, որ համաձայնագիրը ստորագրվի:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագրի տեքստը: Երբ այն չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ գուցե չի հրապարակվում, որովհետև չի ստորագրվելու: Արդյոք հրապարակումը երաշխավորո՞ւմ է, որ փաստաթուղթը ստորագրվելու է:


- Փաստաթղթի ստորագրման երաշխիքը հենց ստորագրումն է: Կարծում եմ, որ պետք է չշտապել, փաստաթղթի շուրջ աժիոտաժ չստեղծել, սպասել՝ ստորագրմանը: Ստորագրումից հետո կարելի է վստահ ասել, որ այն ստորագրվել է:


- Դուք ևս կասկածներ ունե՞ք, որ հնարավոր է համաձայնագիրը չստորագրվի:


- Որևէ կասկած չունեմ, բայց ես պրագմատիկ եմ, կարծում եմ, որ պետք չէ ջուրը չտեսած բոբիկանալ կամ առուն չթռած հոպ ասել: Կասկածներ չունեմ, բայց հաստատ կարող ենք ասել այն ժամանակ, երբ ստորագրված կլինի:


- Հասցրե՞լ եք ծանոթանալ համաձայնագրի բովանդակությանը: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:


- Այո, հասցրել եմ ծանոթանալ: Կարծում եմ, որ համաձայնագիրը երկուստեք ընդունելի է՝ թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանի համար, հակառակ դեպքում, կողմերը ստորագրելու որոշում չէին կայացնի:


- Այս համաձայնագրի առանցքը ո՞րն է: Ամենամեծ օգուտը, որ կունենա Հայաստանն այս փաստաթղթից՝ ո՞րն է:



- Հայաստանը կունենա ԵՄ հետ համապարփակ հարաբերությունների հնարավորություն՝ տնտեսության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում, որոնք ամրագրված են փաստաթղթում: Սա կդառնա նոր խթան՝ կառուցելու նոր տիպի հարաբերություններ Արևմուտքի հետ: Սա լուրջ ձեռքբերում է արտաքին քաղաքականության ոլորտում:

- Կարծիքներ կան, որ համաձայնագիրը ձևական բնույթ ունի Հայաստանի իշխանությունների համար, նպատակ ունի ցույց տալ, թե կյանքի է կոչվել «և-և»-ի հայտարարված քաղաքականությունը: Այդպես չէ՞:


- Նման տեսակետ ունեցողները կարող են քննադատել Հայաստանին, բայց այդպիսով հարվածի տակ են դնում նաև Եվրամիությանը: Այս համաձայնագիրն ունի երկու կողմ՝ մի կողմում Հայաստանն է, մյուս կողմում՝ Եվրամիությունը և հարաբերությունները չեն կարող կառուցվել ֆիկտիվության վրա: Եվրամիությունը լուրջ հեղինակություն ունեցող կառույց է, այն չի կարող ֆիկտիվ փաստաթղթեր ստորագրել, այնպես որ, սա փոքր-ինչ դատարկ քննադատություն է:


- Սա այն մակարդակի համաձայնագիրն է, որը կարելի է նժարի վրա դնել ԵԱՏՄ անդամակցության համաձայնագրի հե՞տ և ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը կյանքի է կոչվե՞լ:

- Սա այն համաձայնագիրն է, որը համապատասխանում է ՀՀ և ԵՄ շահերին, սա այն համաձայնագիրն է, որն ընդունելի է կողմերի համար և այո, այն ապահովում է «և-և»-ի քաղաքականությունը: ԵԱՏՄ պայմանագրով Հայաստանի համագործակցությունը Եվրասիական միության հետ ավելի խորն է, բայց այնուամենայնիվ, ԵՄ հետ այս համաձայնագրով կյանքի է կոչվում «և-և»-ը: Այնպես որ, սա մեծ ձեռքբերում է, մեծ հաջողություն:

- Չեն դադարում զրույցներն այն մասին, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ Հայաստանին ստորագրել այս փաստաթուղթը:  Հայաստանի իշխանություններն անընդհատ ասում են, որ այս փաստաթուղթը չի խանգարում ԵԱՏՄ-ում ՀՀ ստանձնած պարտավորություններին, ամեն դեպքում, կա՞ վտանգ, որ ՌԴ-ն չի թողնի, որ այս համաձայնագիրը կյանքի կոչվի:

- Ես խնդրին այլ տեսանկյունից եմ նայում: Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրելն ու չստորագրելը պայմանավորված է Հայաստանի կենսական շահերով: Եթե Հայաստանը ստորագրում է կամ չի ստորագրում որևէ փաստաթուղթ, դա ուղիղ համեմատական է մեր շահերին: Բնական է, որ երրորդ երկրները կարող են մտահոգություններ կամ շահեր ունենալ, բայց դա իրենց խնդիրն է, մեր խնդիրը մեր շահերն են և մենք որոշումներ կայացնելիս առաջնորդվում ենք մեր շահերով՝ անկախ նրանից, թե այդ պահին մեր շահերը ում շահերի հետ կհամընկնեն:

- 2013թ.-ին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Այն մեր շահերից չէ՞ր բխում:


- Եթե այդ պահին չի ստորագրվել, չի բխել մեր շահերից:

- Մամուլը շարունակ գրում է ԵՄ անդամ-պետությունների անուններ, որոնք կարող են չվավերացնել այս փաստաթուղթը կամ ձգձգեն վավերացման գործընթացը: Կա՞ն ԵՄ անդամ պետություններ, որոնք չեն ուզում, որ Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեն:

- Որքանով մամուլից տեղեկացված եմ, դա տեխնիկական խնդիր է, որ համաձայնագիրը չի թարգմանվել որոշ երկրների լեզուներով, չեն հասցրել թարգմանել: Իմ ունեցած տեղեկություններով, դիվանագիտական կառույցները փորձում են հարցը կարգավորել: Չեմ կարծում, որ ԵՄ որևէ երկիր ցանկություն չունենա ստորագրելու: Նման երկիր, որը քաղաքական տեսանկյունից սկզբունքորեն դեմ է այս համաձայնագրի ստորագրմանը, չկա:

- Հնարավո՞ր է, որ չհասցնեն մինչև նոյեմբեր թարգմանել այս փաստաթուղթը:

- Որևէ հստակ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ խնդրի կարգավորման համար քայլեր են կատարվում: