Տարանտինոն խոստովանել է, որ տասնամյակներ շարունակ տեղյակ է եղել Վայնշտեյնի սեռական ոտնձգություններից

10:56 • 20.10.17

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն The New York Times պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ տասնամյակներ շարունակ տեղյակ է եղել մտերիմ ընկերոջ՝ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը համարվող Հարվի Վայնշտեյնի կողմից կանանց հանդեպ ոչ պատշաճ վարքի մասին:

Տարանտինոյի խոսքով՝ ինքն այժմ ամաչում է, որ ժամանակին ավելի կոշտ դիրքորոշում չի ունեցել ու չի դադարեցրել Վայնշտեյնի հետ համագործակցությունը:

«Ես բավականաչափ տեղեկացված էի, որպեսզի ավելի շատ բան անեի, քան իրականում արեցի: Դրանք պարզապես շշուկներ, բամբասանքներ չէին, դա երկրորդական բան չէր: Ես գիտեի, որ նա նման բաներ է անում»,-անկեղծացել է անվանի կինոռեժիսորը՝ մանրամասնելով, որ տեղյակ է հայտնի դերասանուհիների մասնակցությամբ մի քանի նմանատիպ դեպքից:

Տարանտինոյի խոսքով՝ իր նախկին ընկերուհին՝ Միրա Սորվինոն, իրեն պատմել է Վայնշտեյնի ոտնձգությունների մասին: Այնուհետև նա նմանատիպ պատմություններ է լսել նաև այլ դերասանուհիներից, սակայն այն ժամանակ դրան մեծ կարևորություն չի տվել:

Թեև ռեժիսորը պարբերաբար նման անհանգստացնող պատմություններ է լսել, այնուհանդերձ՝ շարունակել է մեկը մյուսի հետևից ֆիլմեր նկարահանել Վայնշտեյնի հետ: Սակայն, Տարանտինոյի խոսքով, ինքն այժմ ափսոսում է այդ որոշման համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բազմաթիվ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար մեղադրվող Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:

Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:

Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:

Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։