Իրավիճակին համարժեք պատասխան միանշանակ լինելու է. Լևոն Մնացականյանը` սահմանին տիրող վիճակի մասին
Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեխնիկապես վերազինված ՏՏ կենտրոնի բացման ընթացքում նախարար Լևոն Մնացականյանը պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարն ասաց, որ ներկայումս իրավիճակը համեմատելու չէ մեկ շաբաթ առաջվա իրադրության հետ:
«Որոշակի լարվածություն կա, և այդ լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ռեժիմով»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարի կողմից հոկտեմբերի 19-ին ՀՀ զինծառայողի խոցելու դեպքին` Լևոն Մնացականյանն ասաց, որ պաշտոնապես մեկ անգամ ևս հայտնում են, որ ամեն մի քայլի պատասխան տրվելու է և պատասխան եղել է:
Նախարարը հայտնեց, որ Ադրբեջանը երկու անգամ կիրառել է «Սպայկ» տեսակի հակատանկային հրթիռներ, հարվածները եղել են իրենց համար անարդյունք և սահմանին կա որոշակի լարվածություն: «Մենք այդ մասին պաշտոնապես հայտնել ենք, սրան ևս համարժեք պատասխան միանշանակ լինելու է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե «Սպայկ»–ին պատասխան դեռ չի տրվել, Լևոն Մնացականյանն արձագանքեց, որ դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ այսօր և վաղը հանդիպում է նախատեսված ԵԱՀԿ մինսկի խմբի ներկայացուցչի հետ և այդ ընթացքում քննարկվելու է ներկա դրությունը:
Հարցին`ինչո՞վ կարող է պայմանավորված լինել լարվածության աճը, նա պատասխանեց. «Մի կողմից դիպուկահարներով, մյուս կողմից` դա Ադրբեջանի գործելաոճն է` ժամանակ առ ժամանակ լարվածություն մտցնել շփման գծում»:
Ինչ վերաբերում է նրան, թե վերջին շրջանում մեկ օրում երկու զինծառայող է զոհվել` ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, Լևոն Մնացականյանը նշեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է քրեական գործ, երկու գործով էլ կան ձերբակալվածներ:
«Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը միջանձնային հարաբերություններն են, և հստակ պատասխան կտա դատաքննությունը»,-ասաց նա:










