Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում (լուսանկարներ, տեսանյութ)
Սոֆյա անունով «խելացի» ռոբոտը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստանալուց հետո հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այսպիսով՝ Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին պաշտոնապես քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում:
Հայտնի է, որ այժմ ռոբոտը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադում, որտեղ մասնակցում է Ապագայի ներդրումային նախաձեռնության համաժողովին:
«Սոֆյա, հուսով եմ՝ լսում ես ինձ: Սաուդյան Արաբիան քեզ շնորհել է ռոբոտի համար աշխարհում առաջին քաղաքացիությունը»,-ասել է համաժողովի մոդերատոր Էնդրյու Ռոս Սորկինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆյան այցելել էր ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարան ու մասնակցել այնտեղ կազմակերպված տեխնոլոգիական քննարկմանը:
Հայտնի է, որ այն ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Սոֆյան ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված:
Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն մարդուց ավելի խելացի ու միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն, կարեկցելու ունակություն:
Ավելի վաղ Սոֆյան հյուրընկալվել էր բրիտանական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատմել էր իր մասին:
«Ինձ համար կատարյալ զուգընկերը պետք է լինի գերխելացի, ընկերասեր, հանճարեղ: Բայց ես դեռևս երիտասարդ եմ սիրավեպի մասին մտածելու համար»,-ասել էր ռոբոտը:












