Քենեդիին սպանողը եղել է դալասցի ոստիկան. նոր բացահայտումներ Թրամփի հրապարակած գաղտնի փաստաթղթերից (լուսանկարներ)
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է երկրի նախկին ղեկավար Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ արխիվային գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնց շնորհիվ 20-րդ դարի ամենաաղմկահարույց սպանություններից մեկի մասին նոր տեղեկություններ են ի հայտ եկել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փաստաթղթերից մեկի համաձայն՝ իրական մարդասպանը ոչ թե Լի Հարվի Օսվալդն է, այլ Դալասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը:
Անանուն աղբյուրի պնդմամբ՝ պարեկային ոստիկանն ԱՄՆ նախագահին սպանելուց 45 րոպե անց ինքն է սպանվել: Ըստ ցուցմունքի՝ նրան սպանողն Օսվալդն է եղել, որը Թիփիտի վրա կրակել է ատրճանակից՝ արձակելով 4 կրակոց:
Նշվում է, որ այս տեղեկությունը վերցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվից:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով փաստաթղթերն ամբողջությամբ չի հրապարակել՝ բացատրելով, որ դա կարող էր վնասել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:
Նշվում է, որ 1992թ. ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Նախագահ Ջոն Քենեդիի սպանության տվյալների հավաքման մասին ակտը, որը ենթադրում է նախագահի սպանության հետ կապված տեղեկությունների հավաքում ու 25 տարի անց դրանց հրապարակում: Ակտի իրականացման վերջնաժամկետը լրանում է այսօր:
ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիջերալդ Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին՝ դիպուկահար զենքի միջոցով: Սպանության համար մեղադրվող Օսվալդը չի ընդունել մեղքը: Նրան սպանել են ձերբակալությունից որոշ ժամանակ անց՝ բանտ տեղափոխելու ճանապարհին:

Լի Հարվի Օսվալդ

Ջի Դի Թիփիտ











