Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է ներկայացվել. Թրամփը մահապատիժ է պահանջում

09:37 • 02.11.17

Միացյալ Նահանգների իշխանություններն ահաբեկչության մեղադրանք են ներկայացրել հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչություն իրագործած ու 8 մարդու կյանք խլած 29-ամյա Սայֆուլո Սաիպովին:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ջուն Կիմը:

«Մենք նրան ահաբեկչության մեղադրանք ենք ներկայացրել»,-հայտարարել է Կիմը:

Նա մանրամասնել է, որ ծնունդով Ուզբեկստանից և 2010թ. Միացյալ Նահանգներ տեղափոխված Սաիպովին մեղադրանքներ են ներկայացվել 2 հոդվածով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցության և մարդկանց նկատմամբ բռնության իրագործման համար:

Կիմի խոսքով՝ Սաիպովն իր ծրագրի իրականացման համար հատուկ էր ընտրել Հելոուինը՝ հաշվի առնելով բազմամարդ փողոցներում ավելի մեծ թվով մարդկանց սպանելու հավանականությունը:

Դատախազի պաշտոնակատարը մանրամասնել է, որ նախքան ահաբեկչական հարձակումը Սաիպովը տևական ժամանակ հեռախոսով դիտել է ԻՊ-ի՝ գլխատումների ու մարդկանց նկատմամբ այլ դաժան բռնությունների վերաբերյալ 100-ից ավելի տեսանյութ, որոնց ազդեցության տակ գտնվելով էլ որոշել է նման մի բան ձեռնարկել: Նա դեռևս հոկտեմբերի 22-ին մեքենա էր վարձել, որպեսզի մի քանի օր պարապի ու ահաբեկչության օրը կարողանա ամեն ինչ ըստ ծրագրածի անել:

Հայտնի է, որ մեղադրանքի հրապարակումից հետո Սաիպովին անվասայլակով ու ձեռնաշղթաներով տեղափոխել են Նյու Յորքի դատարան:

Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պահանջել է մահապատժի դատապարտել ահաբեկչին:

«Նյու Յորքի ահաբեկիչն ուրախ էր, խնդրել է իր հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը: Նա սպանել է 8 մարդու ու լուրջ վիրավորել 12-ին: Նա պետք է մահապատժի դատապարտվի»,-գրել է 71-ամյա ղեկավարը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ Սաիպովին կարող են Գուանտանամոյի բանտ ուղարկել:

Թրամփը նաև նշել է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ Սաիպովի ընտանիքը կարող է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին 29-ամյա երիտասարդը վարձակալած մեքենայով դուրս էր եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու վրաերթի ենթարկել մարդկանց, այնուհետև նա բախվել էր դպրոցական ավտոբուսի: Ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել Սաիպովին ու ձերբակալել նրան: