Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ակտիվ ընտրություններ են. շատ են տեսողական խնդիրներով ընտրողները
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ևս այսօր ղեկավար են ընտրում: Ոչ միայն ընտրատեղամասերում, այլ տեղամասերից դուրս նկատվում է ընտրողների բավական ակտիվություն: 37/4 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ ըստ հանձնաժողովի նախագահի՝ մասնակցել է 457 ընտրող: Ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 1482 է:
Նշենք, որ 37/4 ընտրատեղամասում բավական շատ են նկատվում ընտրողներ, ովքեր, տեսողական խնդիրներից ելնելով, լրացուցիչ աջակցության կարիք ունեն, ընդ որում՝ առանց տարիքային սահմանափակման: Օրինակ՝ միջին տարիքի մի քաղաքացի հանձնաժողովի քարտուղարից օգնություն խնդրեց, վերջինս էլ. առանց տատանվելու գլուխը մտցրեց քվեախուց և փորձեց ուղղորդել ընտրության հարցում:
Երբ հանձնաժողովի անդամներին հարցրեցինք, թե ինչո՞ւ են թույլ տալիս, որ ընտրողները քվեաթերթիկով դուրս գան քվեախցից, պատասխանեցին, որ իրենց մեղքը չէ՝ տարիքով են և տեղյակ չեն ընտրակարգին: Ընտրողները բողոքում էին, թե տեղամասում լույսը քիչ է և լավ չեն տեսնում:
Նշենք, որ Աչաջուրում առաջադրվել են 4 թեկնածու՝ ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանը, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, Տաթև Գասպարյանը, ով 1996-99 թթ-ին գյուղապետ է եղել, Կարեն Ղալթախչյանը, ով մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։
4 թեկնածուներից 3-ը հանրապետական են, իսկ Սևադա Ղուկասյանը՝ Դաշնակցության անդամ է։
Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրվել են։
Նշենք, որ համայնքում թեժ ընտրություններ են կանխատեսվում, որովհետև առաջադրված մրցակիցներն իրար նկատմամբ տարիներ շարունակ թշնամանք ունեն:
Հիշեցնենք, որ գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ դեռ 2013թ. սեպտեմբերին մահափորձ է կատարվել, ով հայտարարել էր, թե իր մեքենան պայթեցրել է մյուս թեկնածու Տաթև Գասպարյանը՝ այդ ժամանակվա գյուղապետ Համլետ Գևորգյանի դրդմամբ: Այնուհետև Աչաջուր գյուղի մի խումբ բնակիչներ, այդ թվում նաև Կամո Ղալթախչյանի որդին, 2015թ. հունվարի առևանգել էին մեկ այլ աչաջուրցու, ծեծի ենթարկել նրան և պահանջել խոստովանել, թե ինքն է կատարել Տաթև Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետի նկատմամբ սպանության փորձը։ Դեպքի առիթներով քրեական գործեր են հարուցվել, գործող գյուղապետի որդին կրել է պատիժ:
Բացի ծանր հանցագործություններից, քրեական գործ է հարուցվել նաև գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ, գյուղապետարանում գումարներ յուրացնելու կասկածանքով:
Թեկնածուներից Տաթև Գասպարյանի դեմ ևս քրեական գործեր են հարուցվել: Նա անցած գրեթե 20 տարիներին 4 անգամ դատապարտվել է տարբեր հանցանքների, այդ թվում պաշտոնեական դիրքը չարաշահելու և աչաջուրցիներին Կառավարությունից որպես օգնություն տրամադրված 183 միլիոն դրամը շորթելու համար։ Քրեական գործերի մի մասը կարճվել է և մրցակիցներն իրար մեղադրում են իրար դեմ «գործ սարքելու մեջ»:













