Դասադուլ անող ուսանողները սպասում են Լևոն Մկրտչյանին
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները ԵՊՀ-ում են: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ դասադուլի միջոցով իրենք փորձում են բարձրաձայնել խնդիրն ու փորձել ստանալ առավել ծանրակշիռ փաստարկներ, քանի որ իրենք մերժել են բոլոր բերված փաստարկները: «Բաց նամակ էինք ուղղել ԿԳ նախարարին ու պաշտպանության նախարարին, պատասխան չի եղել, մեզ հետ հանդիպելու արձագանք չի եղել: Տպել ենք շատ նամակներ՝ ուղղված նախարար Վիգեն Սարգսյանին»:
Նա ասաց, որ կբաժանեն նամակները, ակցիայի մասնակիցները կծանոթանան բովանդակությանը, կստորագրեն, որ այդքան ուսանող մտահոգված է այդ խնդրով, այնուհետև հայտարարություն կանեն:
Ապրիլյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյանն էլ իր ելույթում նշեց, որ ապրիլյան պատերազմի շատ մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերը չեն արվում՝ պատճառաբանելով ՄՕԳ-ի ցածր լինելը և այլ պատճառաբանությամբ: «Քառօրյա պատերազմին մասնակցած տղաների զեղչերին ընդհանրապես ոչ մի ՄՕԳ չպետք է խանգարի: Եթե կարևորում են տարկետման հարցը՝ ինչո՞ւ չեն կարևորում այդպիսի հարցերը»,-հարցադրում արեց Մանվել Մանուկյանը:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց նպատակն է հանրային քննարկումները խթանելը, նախարարների հետ հանդիպման ժամանակ չեն քննարկվելու միայն առաջադրված օրինագծի թերությունները, այլ քննարկվելու են այլ խնդիրներ ևս, որոնք կան, բայց դրանց մասին չի բարձրաձայնվում:
Այնուհետև նա կարդաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված նամակը. «Հարգելի՛ պարոն Սարգսյան, ԱԺ քննարկմանը ներկայացված և առաջին ընթերցումն անցած «Զինծառայողի մասին» օրինագիծը ենթադրում է բուհական տարկետման համակարգի մտահոգիչ վերաձևակերպում: Սույնով իմ համաձայնությունն եմ արտահայտում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ Ձեզ ուղղված բաց նամակում արտահայտած դիտարկումներին: Համաձայն եմ, որ ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունը կարճաժամկետ առումով աննշան ազդեցություն կունենա բանակի համալրման գործընթացի վրա: Քիչ, թե շատ երկար հեռանկարում սա անշրջելի հարված կհասցնի գիտակրթական ներուժին: Գիտակցելով հարցի կարևորությունն ու օրինագիծը ներկայացված տեսքով ընդունելու անհեռանկարայնությունը՝ հայտարարում եմ դասադուլ և հորդորում Ձեզ հրապարակային հանդիպում կազմակերպել մտահոգ ուսանողության հետ»:
«Հիմա հաստատ մեզ հետ ուզելու են հանդիպել: Հորդորում եմ պրովոկացիայի չգնալ, առանց ԶԼՄ հանդիպման չգնալ, հանդիպման ֆորմատը մեզ հետ պետք է համաձայնեցվի, որ հանդիպենք: Մենք գնում ենք բանավիճելու, բայց մեզ հետ ոչ թե բանավիճում են, այլ կռվում: բաներ են ասում, որ մենք երբեք չենք ասել և մեր ասածները խեղաթյուրել են: Իսկ Լևոն Մկտչյանից դեռևս պատասխան չկա, որ կգա համալսարան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:










