Կարծում եմ՝ Հս. Կորեայի հարցում կկարողանանք ամեն ինչ գլուխ բերել. Դոնալդ և Մելանյա Թրամփները Հրվ. Կորեա են ժամանել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիայից մեկնել է Հարավային Կորեա, որտեղ մտադիր է շատ ավելի քիչ ժամանակ անցկացնել, քան «Ծագող արևի երկրում»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սեուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ 71-ամյա Թրամփն ասել է, որ լավատեսական ակնկալիքներ ունի այն հարցում, որ իրեն կհաջողվի թույլ չտալ Հյուսիսային Կորեային ստեղծել մինչև ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքներ հասնելու հնարավորությամբ օժտված միջուկային հրթիռներ:
«Կարծում եմ՝ կկարողանանք ամեն ինչ գլուխ բերել: Դա մեզ միշտ հաջողվել է, այս անգամ ևս կհաջողվի»,-ասել է Թրամփը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան այս Փհենյանի արձակած բալիստիկ հրթիռներն անցել են Ճապոնիայի տարածքով:
Հայտնի է, որ Սեուլում Թրամփը հրաժեշտ է տվել կնոջն ու ռազմական ուղղաթիռով ուղղվել «Քեմփ Համֆրիս» կայազոր, որտեղ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինի ընկերակցությամբ ճաշել է ամերիկացի ու հարավկորեացի զինվորների հետ:
«Նրանք ինձ առաջարկեցին առանձին ճաշել, բայց ես ասացի`ո՛չ, ուզում եմ զինվորների հետ ճաշել: Սնունդը հրաշալի էր»,-հպարտությամբ ասել է Թրամփը:
Դրան հաջորդել է ճեպազրույց բարձրաստիճան գեներալների ու խորհրդականների հետ:
Հայտնի է, որ մայրաքաղաք Սեուլում նախատեսվում է Թրամփի ու Ջե-ինի առանձնազրույցը նախագահական պալատում, ինչպես նաև Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթը երկրի խորհրդարանում:


















