Հս. Կորեան պապիդ երազած դրախտը չէ, այն դժոխք է. Թրամփը Սեուլի խորհրդարանից դիմել է Կիմ Չեն Ընին

10:31 • 08.11.17

Ասիական շրջագայության ընթացքում Հարավային Կորեա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է՝ ինչու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ձգտում կոնֆլիկտների: Ըստ Թրամփի՝ նա դա անում է ներքաղաքական ձախողումից մարդկանց ուշադրությունը շեղելու համար:

«Կիմի ռեժիմը ձգտում է արտաքին կոնֆլիկտների, որպեսզի շեղի ուշադրությունը երկրի ներսում տեղի ունեցող ձախողումից»,-ասել է 71-ամյա Թրամփը հարավկորեական խորհրդարանում ելույթի ժամանակ:

Իր խոսքում Միացյալ Նահանգների ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Փհենյանին միջուկային զենք ստեղծել: Թրամփը նախազգուշացրել է, որ միջուկային զենք ստեղծելու բոլոր փորձերը Հյուսիսային Կորեային ավելի մեծ սպառնալիքի տակ են դնում:

«Ես այս թերակղզի եմ եկել, որպեսզի ուղիղ կոչով դիմեմ Հյուսիսային Կորեայի բռնատիրական ղեկավարությանը: Զինատեսակները, որոնք դու փորձում ես ստանալ, քեզ համար ոչ թե անվտանգություն կապահովեն, այլ քո ռեժիմը լուրջ վտանգի տակ կդնեն: Այդ մութ ճանապարհին իրականացրածդ ամեն մի քայլն ուժեղացնում է այն, ինչին դու դիմակայում ես: Հյուսիսային Կորեան այն դրախտավայրը չէ, որն ուզում էր կառուցել պապդ (Կիմ Իր Սեն-Tert.am), այն դժոխք է, որին արժանի չէ ոչ մի մարդ»,-ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների ղեկավարը հավելել է, որ Կիմ Չեն Ընի գործած բոլոր սխալներից անկախ՝ Վաշինգտոնը պատրաստ է ավելի լավ ապագայի տարբերակ առաջարկել: Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փհենյանն ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրից:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել՝ Փհենյանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների, ինչպես նաև միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն սպառնացել է ռազմական լուծում տալ խնդրին, եթե Հյուսիսային Կորեան շարունակի միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը նշում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:

 

Կարող եք կարդալ նաև՝

Մեզ չես վախեցնի. Թրամփը կոչ է արել մեկուսացնել Հյուսիսային Կորեան