12-ամյա աշակերտի պայուսակը կշռում է 5,200 գրամ, ե՞րբ են գրքերի էլեկտրոնային տարբերակները լինելու. Ա. Սաղաթելյանը՝ ԿԳ նախարարին (տեսանյութ)
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր կրթական ոլորտին:
Նա նշեց, որ հետազոտություն է արել՝ կշռելով իր և ընկերների երեխաների դպրոցական պայուսակները և պարզել, որ 12 տարեկան երեխայի պայուսակը կշռում է մոտ 5200 գրամ, և դա առանց հավելյալ պարագաների՝ սպորտի համազգեստ և այլն:
Սաղաթելյանն ուսումնասիրել էր նաև շուկայում առկա բոլոր ուսապարկերը, և ոչ մեկ նախատեսված չէ բեռը համաչափ բաշխելու համար:
Բացի այդ, ըստ նրա հետազոտության՝ երեխաները 3,5-6 ժամ պլանշետով և սմաթֆոնով են անցկացնում:
«Ե՞րբ են համատեղվելու, և այդ գրքերը տեղափոխվելու մեկ պլանշետի մեջ, ե՞րբ են գրքերի էլեկտրոնային տարբերակները լինելու, որ ուսումնական պրոցեսն ադեկվատ կազմակերպենք»,-ասաց նա:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ դա ողջ աշխարհում քննարկվող հարց է. նա հիշեցրեց բոլորի մանկությունը, որ նույն կիլոգրամը բոլոր ժամանակներում լինում է:
«Մի խնդիր կա՝ էլեկտրոնային կրթության անցնելու հիմնահարցը կարևոր է, բայց՝ ծախսատար»,-ասաց նա և նշեց, որ կառավարության համար այդ անցումը լուրջ ծանրություն է:
Նախարարը տեղեկացրեց, որ հիմա ներդրողների հետ բանակցում են, թե որ պահից են սկսելու պլանշետային համակարգը ներդնել դպրոցներում:
«Ծնողների վրա չենք կարող մեծ բեռ դնել»,-ասաց նա, միաժամանակ հավելեց, որ այն երկրները, որոնք փորձել են անցնել համակարգչային ուսուցման, գտնում են, որ դա ամբողջությամբ ճիշտ չէ, և, օրինակ, չորորդ դասարանի աշակերտի ձեռքին պետք է գիրք, տետր լինի:
Ըստ նրա՝ կա նաև տարբերակ, որ դասագրքերը թողնեն տանը և դպրոցում օգտվեն այնտեղ եղած դասագրքերից, բայց այստեղ հասկանալիորեն խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում։










