ՀՀ ՊՆ հրամանատարը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով պահեստից 140 լ դիզվառելիք դուրս հանելու մեջ. գործը դատարանում է

11:26 • 19.11.17

ՀՀ ՊՆ հրամանատարը պաշտոնական կեղծիք է կատարել: Նա մեղադրվում է ապրանքագրում կեղծ գրառումներ անելու միջոցով 140 լիտր դիզվառելիք պահուստից դուրս բերելու մեջ: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոյեմբերի 17-ին գործն ուղարկվել է Մարտունու դատարան և մակագրվել Յուրիկ Իսկոյանին:

Ա. Մաթևոսյանը հանդիսացել է ՀՀ ՊՆ 32236 զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ,պաշտոնատaր անձ: Նա շահադիտական նպատակով կատարել է պաշտոնական կեղծիք 58 000 դրամ արժողությամբ 140լ. դիզվառելիք յուրացնելու նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ. դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ:

Բացի այդ, Ա. Մաթևոսյանը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, կատարել է յուրացման փորձ: Նա ՎՔՆ ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով և իր ավտոմեքենայի մեջ տեղավորելով յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140լ դիզվառելիք և տեղափոխել Սևան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան,սակայն ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից և հանցագործությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական կեղծիք կատարելը և 34-179-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ յուրացնելու կամ վատնելու հանցափորձը:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ ՊՆ հրամանատարը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով պահեստից 140 լ դիզվառելիք դուրս հանելու մեջ. գործը դատարանում է