Կարծում եմ՝ իշխանությունն այս անգամ ծպտուն չի հանելու, ուժերը չեն պատի. Լ. Բարսեղյանը` «Խավարում» ցուցահանդեսի վերաբացման մասին
Նոյեմբերի 28, ժամը 17:00-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում կվերաբացվի «Խավարում» ցուցահանդեսը՝ նվիրված սովետական բռնապետության անմեղ զոհերին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ցուցադրությունը նախաձեռնողներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Մենք համարում ենք, որ դա շատ կարևոր ցուցադրություն էր: Ճիշտ կլինի, որ խափանված ցուցադրությունը վերականգնվի, որպեսզի ավելի հասանելի լինի հետաքրքրված մարդկանց և իշխանությունն էլ, վերջապես, հասկանա, որ ցուցադրություն արգելելը մեթոդ չէ: Փոխանակ շնորհակալություն հայտնեին Թումանյանի տուն-թանգարանի տնօրենից, որոշեցին արգելել այդ ցուցադրությունը: Դե հիմա թող փորձեն արգելեն»,- ասաց նա:
«Խավարումը» այս անգամ ցուցադրվելու է հանրապետության երեք խոշոր քաղաքներում՝ նոյեմբերի 28-ին՝ Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, նոյեմբերի 29-ին՝ Վանաձորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում և դեկտեմբերի 9-ին Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում:
Լևոն Բարսեղյան համոզված է, որ իշխանությունը ցուցադրություններ արգելելով ոչ մի արդյունքի չի կարող հասնել: Ըստ նրա՝ կառավարության քաղաքականության հետևանքով հակառակ ռեակցիան է տեղի ունենում և ցուցադրության վերաբացումը հենց նրանց վերաբերմունքի պատասխանն է:
Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ մշակույթի նախարարությունը այս անգամ էլ կարգելի սովետական բռնապետության զոհերին նվիրված ցուցահանդեսի կայացմանը, Բարսեղյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ իշխանությունը սսկվելու է և ծպտուն չի հանելու, այդքան ուժերը չի պատելու ուղղակի: Իհարկե, նրանց կողմից լավագույն արարքը կլիներ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից ներողություն խնդրելը և հրաժարական տալը, բայց այդպիսի առաքինություն այս իշխանություններից սպասելն անիմաստ է»,- նշեց նա:
«Խավարում» ցուցադրության վերաբացման մասին կառավարության դիրքորոշումը իմանալու համար Tert.am-ը նաև զրուցեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի հետ, ով դեռևս տեղյակ չէր նախաձեռնությունից. «Պետք է ճշտել, թե ցուցադրությունը որտեղ է բացվում, ինչ հիմունքներով: Բայց եթե դա Թումանյանի տուն-թանգարանում չի արվում, նախարարությունն ի՞նչ կապ կարող է ունենալ»,- հայտնեց Ռուզան Խաչատրյանը:
Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում բացվել էր «Խավարում» անվամբ ցուցադրությունը, որը նվիրված էր սովետական բռնատիրության զոհերին: Շուրջ 22 օր տևած «Խավարում» ցուցահանդեսը մշակույթի նախարարության որոշմամբ սեպտեմբերի 9-ին փակվեց, սակայն այն նախատեսվում էր ցուցադրել մինչև աշնան վերջ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարել էր, որ ցուցահանդեսի փակումը պայմանավորված էր նրանով, որ ցուցահանդեսը «քաղաքականացված էր»։










