Դեռ չեմ գուշակել, թե իմ մեղքը որն է, բայց զղջում եմ. դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող

14:35 • 24.11.17

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արդեն նախագահ Աղվան Պետրոսյանի (լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես), նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի և քաղաքացիներ Կարեն Մարտիկյանի, Հայկ Կարապետյանի, Մելանյա Գալստյանի, Կամո Գալստյանի, Էդվարդ Չինարյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Խաչատուր Դադոյանի, Արմեն Բարսեղյանի, Վրույր Վարդանյանի, Լաուրա Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը հրապարակեց 13 ամբաստանյալներից 5-ի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերը՝ Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, Կարեն Մարտիկյանի և Հայկ Կարապետյանի։

Այսօրվա նիստին դատախազը ներկայացնում է մյուս ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասերը։

Ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանի մեղադրանքը ներկայացնելուց հետո ամբաստանյալը, պատասխանելով դատավորի հարցին, ասաց. «Մեղադրանքը ոչ լիարժեք եմ համարում, անճշտություններ կան։ Ուրեմն ասեմ, որ իմ հողամասը գնել եմ արդար, իմ քրտինքով, վճարել եմ ոչ կաշառքի տեսքով։ Հետագայում դիմել եմ կադաստրին, որ ինձ պատկանող, իմ կողմից վճարված հողը ստանամ։ Չի ստացվել, դիմել եմ փաստաբանի, որ իմ շահերը պաշտպանի։ Երբեք մտքովս չի անցել, որ կաշառք տամ։ Երևի ջղայնացած եմ եղել, որ դիմել եմ օրենքին, չի ստացվել... Մի խոսքով՝ զղջում եմ, դժվարանում եմ ասել, հլը չեմ գուշակել, թե իմ մեղքը որն է։ Զղջում եմ, մեղավոր եմ ճանաչում»։

Ամբաստանյալ Աղվան Պետրոսյանի պաշտպանն ասաց, որ մեղադրանքն անհասկանալի է. «Մե՛նք չհասկացաք, ամբաստանյալն ինչպե՞ս է հասկանալու, թող մեղադրողը պարզաբանի մեղադրանքը»։

Ռոբերտ Գրիգորյանի պաշտպան Բեկջանյանն ասաց, որ քանի որ խոսքը վերաբերում է իր պաշտպանին, ապա համարեն, որ իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել և դիրքորոշումը կհայտնի դատաքննության ընթացքում։

Նշենք, որ Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի 12-րդ փ. թ.9 հասցեում գտնվող՝ կնոջ Զ. Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գ. Գրիգորյանի փաստաբան Էդ. Չինարյանի օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն 11 հզր ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։