Եգիպտոսում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Եգիպտոսում նախօրեին մզկիթում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի, վիրավորվել է 128 մարդ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Mena պետական լրատվամիջոցին: Շաբաթ առավոտյան՝ հաղորդվում էր 235 զոհի մասին:
Հարձակումն իրականացվել է նոյեմբերի 24-ին Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Բիր ալ-Աբեդ քաղաքի մզկիթում: Եգիպտոսի գլխավոր դատախազության հայտնած վերջին տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է 25-ից 30 գրոհային, որոնք իրենց մոտ ունեցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշներ:
Գրոհայինները մոտեցել են մզկիթին չորս մեքենայով, գործի են դրել պայթուցիկ սարքը, իսկ այնուհետև, տեղակայվելով մզկիթի մուտքի և բոլոր 12 պատուհանների առաջ, կրակ են բացել ուրբաթօրյա աղոթքի ժամանած այցելուների ուղղությամբ:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թամեր Ռիֆաին, հարձակմանը ներգրավված գրոհայինները ոչնչացվել են Էր-Ռիսան քաղաքում: Նրանց ոչնչացման գործողությանը մասնակցել են նաև անօդաչու սարքեր:
Ահաբեկչությունից հետո Եգիպտոսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել:










