Կիևում Սաակաշվիլիին հետ են քաշել շենքի կտուրից, որից նա սպառնում էր ցած նետվել (տեսանյութ)

11:52 • 05.12.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին հետ են քաշել բնակելի շենքի կտուրից, որից քաղաքական գործիչը սպառնում էր ցած նետվել:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդին, հավանաբար, հետ են քաշել ուժայինները:

Այսօր առավոտյան Սաակաշվիլիի աջակից Դավիդ Սակվարելիձեն հայտնել էր, որ անհայտ անձինք փորձում են ներխուժել քաղաքական գործչի կիևյան բնակարան: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա տուն են եկել իրավապահները, որպեսզի Սաակաշվիլիի քաղաքական ակցիաների ֆինանսավորման գործի շրջանակում խուզարկություն անցկացնեն:

Հայտնի է, որ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիք՝ ասելով, որ եթե իր տանը խուզարկություն անցկացվի, ինքը ցած կնետվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել էին Սաակաշվիլիին, սակայն նա աջակիցների օգնությամբ կարողացել էր ճեղքել սահմանապահների կազմած շղթան ու Լեհաստանի տարածքից կրկին Ուկրաինա էր վերադարձել: