Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել. կան տուժածներ
Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ցուցարարների խումբն արգելափակել է Հին քաղաքի մոտակայքում գտնվող փողոցը, իսկ հեծյալ ոստիկանությունը փորձում է ցրել նրանց: Ցուցարարները շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Ամբոխը փորձում է կոտրել ցանկապատը Դամասկոսյան դարպասների մոտ:
Նշվում է, որ մի քանի ակտիվիստ տուժել է, և շտապօգնությունը տեղափոխել է նրանց հիվանդանոց: Բախումների վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, մահմեդականները հավաքվում են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մոտ աղոթքի, ինչից հետո պաղեստինցի արմատականները խոստացել են «ցասման օր» իրականացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:










