Սաակաշվիլին ձերբակալվել է. գործիչն իր աջակիցներին խնդրել է չհավատալ իր դեմ մեղադրանքներին, իսկ կնոջը՝ դառնալ իր խոսնակը (տեսանյութ)

09:23 • 09.12.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները մտադիր են մի քանի վրան խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ պահվում է քաղաքական գործիչը, և հերթապահություն իրականացնել։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, շաբաթ հայտնել է Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամ Դավիդ Սակվարելիձեն։


Ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:


Սաակաշվիլին խնդրել է իր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին շաբաթ ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։


«Նա նաև խնդրել է իր կնոջը դառնալ իր խոսնակը, իր հանրային ներկայացուցիչը»,- ասել է փաստաբանը Սաակաշվիլիի հետ մեկուսարանում հանդիպումից հետո։


Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն օրեր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։ 

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել էր, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով։