Դատարանն ու դատահոգեբուժական հանձնաժողովն այսօր եզրակացություն կտան Ավանի հոգեբուժարանում գտնվող Ռ. Օհանջանյանի վերաբերյալ
Հոգեկան առողջության խնդիրներով տառապող, հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց հարցերով զբաղվող Դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովն, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցիչներն այսօր ժամը 13-ին լինելու են Ավանի հոգեբուժարանում, որտեղ դեկտեմբերի 6-ից գտնվող 28-ամյա ՀՀ քաղաքացի Ռայմոնդ Օհանջանյանը պնդում է, որ իրեն անհիմն են պահում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց հոգեբուժարանում գտնվող Ռայմոնդը` մանրամասնելով.
«Ես առաջին օրվանից այս հանձնաժողովից պահանջել եմ, որ ստուգեն, ես դուրս գամ։ Ժամը 15.30 էին ասել, ես մի քանի տեղ զանգեցի, խառնեցի իրար, հիմա առաջ են գցել` ժամը 13-ին, պետք է գան, եզրակացություն տան: Իսկ եթե չթողեն, ես արդեն…»։
Նշենք, որ 28-ամյա ՀՀ քաղաքացին երեկ օրվա երկրորդ կեսից սկսած կապի դուրս չէր գալիս. կա՛մ հեռախոսազանգերին չէր պատասխանում, կա՛մ հեռախոսն անջատված էր:
Հարցին, թե ինչ-որ բա՞ն է կատարվել, իրեն ճնշե՞լ են, երիտասարդը պատասխանեց, որ հարազատներն են իրեն խնդրել զերծ մնալ մամուլի հետ շփվելուց, լուռ մնալ:
Ի դեպ` Ռայմոնդը, որը (իր ասելով– Tert.am )երկուշաբթի օրվանից սնունդ չի ընդունում, պատմեց, որ քնել, արթնացել է, տեսել է, որ մահճակալի մոտ ուտելիքով փաթեթ կա, չի վերցրել ու պատուհանից դուրս է շպրտել:
«Ես հաց չեմ ուտելու, մինչև այստեղից ինձ չհանեն»,-ասաց Ռայմոնդը՝ ի պատասխան հարցի`արդյոք իր սնունդ չընդունելը համարո՞ւմ է հացադուլ:










