Հեռուստաաշտարակի մոտ գնացել եմ, որ շները Հովհաննեսին չուտեն. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստը շարունակվում է:
Այսօրվա դատական նիստին մեղադրողը ներկայացրեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ Գալուստ Գրիգորյանը հանդիպել է Ներսես Պողոսյանի հետ, մեքենայով գնացել են վարձակալած բնակարան և սպասել իրադարձությունների զարգացմանն ու հրահանգի:
«Բայց այդ հրահանգը չստացանք, ուստի գնացինք մեր գործերով: Ցանկանում եմ նշել, որ մենք նպատակ չենք ունեցել օգտագործել այդ զենքերը, հունվարի կեսին այդ զենքերը տարել եմ մեր ավագ ընկերոջ տուն, քանի որ ոչ մեկ չէր հետաքրքրվում զենքերի ճակատագրով: Քանի որ արդեն չէի վստահում Սեֆիլյանին, ասացի, որ այլևս նման քայլի չեմ գնալու, մեր կռիվը ընդհանուր թշնամու՝ թուրքի դեմ է, և այս պատերազմական իրավիճակում հեղաշրջում կատարելը հավասարազոր է ազգի դավաճանության»,-իր ցուցմունքում նշել էր ամբաստանյալը:
Ինչ վերաբերում է հարցաքննությանը, ամբաստանյալը պատմեց, որ այն տևել է մինչև ուշ գիշեր, չի իմացել, որ հարցաքննությունը կարող էր տևել մինչև չորս ժամ:
«Ամբողջ օրը մնացել եմ քննիչի սենյակում, ինձ չեն ասել, որ դա հարցաքննություն էր, քննիչը նույնիսկ ինձ ասում էր՝ մի հատ կոֆե կդնես, ես զբաղված եմ, ես եմ կոֆե դրել, խմել ենք»,-ասաց Գրիգորյանը:
Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը Գրիգորյանին հարցրեց թե ինքը կալանավորման պահին տեղյակ եղե՞լ է, թե ինչ հոդվածով է մեղադրվում, Գրիգորյանն ասաց, որ տեղյակ է եղել՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Հիմա կարդամ մի արձանագրություն հարցաքննության մասին, որը տեղի է ունեցել 2016 թ. հունիսի 2-ին և դեռ չի ավարտվել: ՀՀ ՔՕ օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր եմ ճանաչում: Սա կարդալո՞վ ես ստորագրել»,-հարցրեց Ներսես Պողոսյանը:
«Չէ, ես որ կարդացած լինեմ, ոնց կստորագրեմ»,-ասաց Գրիգորյանը:
Ամբաստանյալն ասաց, որ Գևորգ Սաֆարյանին ճանաչել է դատարանում, իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասին իմացել է որպես հերոսի՝ Արցախյան պատերազմից, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին ու Արամ Հակոբյանին չի ճանաչում:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին, թե իր ցուցմունքները կարդացել է ստորագրելուց առաջ, ասաց, որ չի կարդացել՝ վստահելով քննիչին, որ գրած կլինի այն, ինչ ինքն ասել է:
Մեղադրողի հարցին, թե ինչու է գնացել հեռուստաաշտարակ մոտ Հովհաննես Պետրոսյանի հետ, Գալուստ Գրիգորյանն ասաց. «Ճիշտը ասե՞մ, ես նրա հետ գնացել էի, որ իրեն շները չուտեն: Ինքը ինչո՞ւ էր գնում ես չգիտեմ»:
Մեղադրողի հարցին, թե ցուցմունքում նշել է, որ վարձակալել է մեքենա, ինչո՞ւ է վարձակալել, Գրիգորյանն ասաց, որ վարձակալել է մեքենա իր անձնական նպատակների համար և մի անգամ չէ, որ վարձակալել է:
Մեղադրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ցուցմունքում նշված, որ վարձակալած մեքենան օգտագործվել է այլ նպատակներով, Գրիգորյանն ասաց. «Ինչ իմանամ ինչու է նշված, ես քննիչներին նման բան չեմ հայտնել: Ինձ հարցրել են՝ վարձել ես, ասել եմ՝ վարձել եմ իմ անձնական նպատակների համար: Ուղղակի հենց այդ մեքենայով ենք զենքերը տեղափոխել մեր տուն, դրա համար երևի կապվել է դրա հետ: Մեքենան վարձակալել եմ 2-3 օրով՝ հյուրերիս ման տալու համար»:
Մեղադրողի հարցին, թե ըստ ամբաստանյալի ի՞նչ հանգամանքներ տեղի չեն ունեցել, սակայն տեղ են գտել նախաքննական ցուցմունքում, ո՞ր հանգամանքներն են, որ իրականությանը չեն համապատասխանում, Գրիգորյանն ասաց, որ դրանք շատ են և չի կարողանա նշել:
«Սկսած էն կանաչ չամադանից, որը ես ընդհանրապես չունեմ մինչև... Կապույտ, փոքր չամադան է եղել, որի մեջ զենք չէր լինի տեղավորել: Քննիչները տեսան իրար մեջ կատակեցին՝ թե սրանքով ես զենք տեղափոխել»,-ասաց նա։
Գալուստ Գրիգորյանն ասաց, որ ինքը ի սկզբանե ասել է, որ չի գիտակցել, որ զենքերը տանը պահելը քրեական արարքն է, կամ հետո պետք է ասեն, որ հեղաշրջման փորձի նախապատրաստման մասնակից է. «Ես անգամ չեմ իմացել, թե ինձ ինչու են կալանավորում, երբ ես ոչինչ չեմ արել»:
Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք են բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ:
Նրանք գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը՝ կամովին հրաժարվել են հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Գալուստ Գրիգորյանը կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:










