«Պատրաստ ենք բանակցել թեկուզ 2 օր, միայն թե արդյունք լինի». Մամեդյարովը՝ Նալբանդյանի հետ սպասվելիք հանդիպման մասին

15:09 • 20.12.17

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի», գրում է minval.az-ը։


Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հերթական հանդիպումը տեղի կունենա 2018թ. հունվարի կեսին՝ եվրոպական երկրներից մեկում:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի կեսին եվրոպական երկրներից մեկում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնելու վերաբերյալ»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նա հավելել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի հանդիպման հստակ ամսաթիվը:

«Մենք պատրաստ ենք թեկուզ 2 օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Մամեդյարովը՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։