Նյու Յորքի JFK օդանավակայանը հինգշաբթի օրվանից աննախադեպ քաոսի մեջ է (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում աննախադեպ քաոս է ստեղծվել քաղաքում գրանցված ձնաբքից հետո։ Իրավիճակն է՛լ ավելի են բարդացրել օդանավակայանում տեղի ունեցած ջրատար խողովակի վթարը, թռիչքուղու վրա երկու ինքնաթիռների բախումը և զենք անցկացնել փորձող ուղևորի հետ կապված միջադեպը, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով լուսանկարներ ու տեսանյութ։
Օդանավակայանում խնդիրները սկսվել են անցած հինգշաբթի օրվանից, երբ օդանավակայանի անձնակազմը չի կարողացել արագ լուծել ուժեղ փոթորկի հետևանքները: Օդանավակայանը փակվել է երկար ուշացումներից խուսափելու համար՝ մի քանի ժամից բացվելու մասին հայտարարությամբ:
Ամբողջ աշխարհից ավիաընկերությունները վերսկսել են իրենց չվերթները չվացուցակի համաձայն՝ ենթադրելով, որ օդանավակայանը ժամանակին կվերաբացվի: Այդ ընթացքում փոթորիկն է՛լ ավելի է սաստկացել, և վերաբացման ժամանակը հետաձգվել է մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այնուհետև օդանավակայանն ընդհանրապես իր վերաբացումը հետաձգել է ուրբաթ՝ առավոտյան ժամը 7-ին:
Այդ ժամանակ արդեն տասնյակ հետաձգված չվերթներ իրենց թռիչքները վերականգնելու համար փորձել են վերադառնալ օդանավակայան՝ բոլորը միևնույն ժամանակ: Բայց օդանավակայանի տերմինալներն արդեն ստիպված են եղել ընդունել երկու օրվա համապատասխան չվերթները մի քանի ժամվա ընթացքում, ինչը փաստացիորեն անհնար էր: Դիսպետչերները ստիպված ինքնաթիռներն ուղարկել են չօգտագործվող թռիչքուղիներ և ժամեր շարունակ սպասեցրել, ինչի հետևանքով նոր ուշացումներ են գրանցվել:
Իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել թռիչքուղում երկու ինքնաթիռների բախման միջադեպից հետո:
Երկու տերմինալները, որտեղ ամենաշատն էին գրանցվել ուշացումները, դադարել են ինքնաթիռներ ընդունել մինչև կիրակի առավոտյան, միջազգային չվերթները ևս մեկ անգամ վերադարձել են Եվրոպա կամ Ասիա:
Շաբաթ նոր ուշացումների պատճառ է դարձել 61-ամյա տղամարդը, որը ձերբակալվել է ինքնաթիռ զենք անցկացնելու փորձի ժամանակ:
Կիրակի «Տերմինալ 4»-ում պայթած ջրատար խողովակը նոր դժվարություններ է առաջացրել օդանավակայանում, որն օրեր շարունակ փորձում էր դուրս գալ ձնաբքի հետևանքների պատճառով առաջացած քաոսից և լուծել օդանավակայանում մնացած հազարավոր ուղևորների հարցը: Ինչպես նշում է լրատվամիջոցը, որոշ չվերթների ուղևորներ այնքան են զայրացել, որ փորձել են անգամ «անկարգություններ» կազմակերպել՝ պնդելով, որ նրանք ավելի քան երկու օր է՝ օդանավակայանում են:























