Էկվադորի ԱԳՆ-ն հաստատել է Ասանժի կողմից երկրի քաղաքացիություն ստանալու մասին տեղեկությունները
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը դիմել է Էկվադորի իշխանություններին քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և այդ խնդրանքը բավարարվել է դեկտեմբերի 12-ին: Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարն ընդգծել է, որ Էկվադորն ունի նման լիազորություններ պաշտպանության համար դիմած մարդուն լավագույն պաշտպանություն տրամադրելու համար: Նախարարը նաև հայտնել է, որ Էկվադորը դիմել է Մեծ Բրիտանիային՝ խնդրելով դիվանագիտական կարգավիճակ տրամադրել Ասանժին, սակայն Լոնդոնը մերժել է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն Էկվադորի Հանրապետության քաղաքացիություն է ստացել:
Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել արտահանձնումից: Նա մտավախություն ունի, որ նրան կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա հետապնդվում է ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար:










