«Ջրի ձևը»՝ կրկին հաղթող. ԱՄՆ-ում հայտարարվել են Critics’ Choice Awards կինոմրցանակաբաշխության հաղթողները

09:59 • 12.01.18

Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակաբաշխություններից մեկը՝ Critics' Choice Awards-ը («Քննադատների ընտրության կինոմրցանակ»), որն անցկացվում է 1996 թվականից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հունվարին, և այդ պատճառով համարվում է «պատրաստություն» հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը:

Այս տարի Critics' Choice Awards-ն անցկացվել է 23-րդ անգամ: Այն վարել է Օլիվիա Մունը:

Ինչպես նշում է variety.com-ը, երեկոյի ընթացքում ստացած մրցանակների առումով ռեկորդ է սահմանել «Ջրի ձևը» ֆիլմը: Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի 4 մրցանակի արժանացած կինոնկարը ճանաչվել է լավագույն ֆիլմ, մինչդեռ Դել Տորոն հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Հիշեցնենք, որ «Ջրի ձևը» ֆիլմն արժանացել էր նաև Վենետիկի 74-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։


Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը («Մութ ժամանակներ»): «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»):

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոկո»-ն, մինչդեռ «Հրաշք կինը» ճանաչվել է էքշն ժանրի լավագույն ֆիլմ:

Յուվեն ՄքԳրեգորը («Ֆարգո») ճանաչվել է հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան, մինչդեռ ավստրալուհի Նիկոլ Քիդմանը («Մեծ փոքր ստեր») հաղթել է «Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում:


«Լավագույն թոք շոու» անվանակարգում հաղթել է Jimmy Kimmel Live! հաղորդումը:

 

«Ջրի ձևը»՝ կրկին հաղթող. ԱՄՆ-ում հայտարարվել են Critics’ Choice Awards կինոմրցանակաբաշխության հաղթողները