Ես չէի ցանկանում, որ իմ վիրահատության գումարը Պաշտպանության նախարարի կոչով հավաքվեր, բայց այլ ելք չկա. Ալբերտ Դալլաքյան

14:20 • 14.01.18

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: Նախարարը հայտնել է, որ զինծառայողի բուժման համար 45 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:

Նախարարի կոչի, զինծառայողի բուժման, այդ հարցով Հայաստանում անցած ընթացակարգի շուրջ Tert.am-ը զրուցեց վիրավորված զինծառայողի`Ալբերտ Դալլաքյանի և նրա մոր՝ Արմինե Ղազարյանի հետ:

«Ես չէի ցանկանում, որ իմ վիրահատության գումարը Պաշտպանության նախարարի կոչով հավաքվեր, բայց այլ ելք չկա: Ցանկանում էի, որ իմ բուժման հարցերն այլ կերպ լուծվեին, սակայն արդեն երեք ամիս է` սպասում եմ այդ գումարին, որը չկա: Ինչ-որ կերպ իմ վիրահատությունը պետք է արվի, սա միջոց է այդ գումարն ունենալու համար: Բավական ժամանակ է անցել, և ես շնորհակալ եմ պաշտպանության նախարարին իմ հարցը չմոռանալու և նման նախաձեռնության համար»,-ասաց Դալլաքյանը:


Նրա խոսքով՝ վիրահատության համար պահանջվող գումարը հնարավոր է այդ կերպ հավաքվի. «Այլ տարբերակ, փաստորեն, չկար»:

Ալբերտ Դալլաքյանն ասաց, որ Հայաստանում երեք վիրահատության ենթարկվելուց հետո իրեն հայտնել են, որ չորրորդ ու իր հետագա կյանքի համար շատ կարևոր վիրահատությունը հնարավոր է Հայաստանում անել, սակայն պարզվել է, որ երկրում համապատասխան սարքավորում չկա:

Ալբերտ Դալլաքյանն իր վիրահատությունների ու Հայաստանում ընթացակարգերի մասին չխոսեց` ասելով, որ այդ հարցերով մայրն է զբաղվել:

Արմինե Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ որդին ՀՀ-ում երեք վիրահատության է ենթարկվել, սակայն չորրորդ վիրահատությանը պետությունը պատրաստ չէ:


«Գերմանիայում ուղեղի անոթների վիրահատություն պետք է արվի: Ինչու Գերմանիայում, որովհետև այնտեղ հավանականությունն ավելի մեծ է, որ վիրահատությունը հաջող կանցնի որովհետև դրանից է կախված որդուս հետագա կյանքը: Մի փոքր վիրահատական սխալը որդուս կզրկի տեսողությունից ու շարժվելու հնարավորությունից, իսկ այստեղ Առողջապահության նախարարությունը պնդում է, թե հնարավոր է Հայաստանում վիրահատել»,-ասաց Ղազարյանը:

Ալբերտ Դալլաքայի մոր խոսքով՝ Հայաստանում արված երեք վիրահատությունները փրկել են որդու կյանքը, որդին վերածնվել է, հրաշալի մարդիկ ու մասնագետներ կան, սակայն այս մի վիրահատության համար պետությունը բավարար սարքավորումներ չունի. «Շատ մասնագետներ են աշխատել որդուս հետո, նա անգամ տառերն էր մոռացել, չէր կարդում, լոգոպեդ Անի Մանուկյանի աշխատանքի շնորհիվ որդիս այժմ կարդում է, նա վերածնվել է»:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի կոչին` Արմինե Ղազարյանն ասաց, որ գումարի տրամադրումը մերժվել է Առողջապահության նախարարության պատասխանի հետևանքով. «Դիմել եմ ՊՆ, որտեղից էլ վիրահատության համար դիմել են Առողջապահության նախարարություն: ԱՆ-ն ինձ պատասխանել է, որ Հայաստանում հնարավոր է անել այդ վիրահատությունը և դրա համար երեք լուրջ մասնագետ կա: Գնում եմ մասնագետների մոտ, ասում են, որ չեն վիրահատում, սարքավորման պակաս կա: Հարցնում եմ՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք ստորագրել, որ կվիրահատեք: Հիմա վիրավոր զինծառայողի մայր եմ, որդուս վիճակին գումարած դրամահավաքությամբ եմ զբաղվում ու Վիգեն Սարգսյանի գրառման տակ արված վիրավորանքներ եմ կարդում: Հասկացանք, որ ՊՆ-ն է տանում բանակ, բայց իմ որդին, մյուս զինվորը սահմանին են բոլորիս խաղաղության համար, սա պետությո՞ւն է, թե՞ չէ»: 

Արմինե Ղազարյանի խոսքով՝ զինվորների առողջական վիճակը Առողջապահության նախարարության համար երկրորդական է, այլապես իրեն չէին ասի, որ եղածով բավարարվի. «Որդիս Ռուսաստանում թողեց ուսում, ամեն ինչ, ու եկավ ծառայելու, որ այսօր նախարարի գրառման մեկնաբանություններում մեկը լավ բան ասի, մյուսը՝ վատ, մյուսը թքի, իսկ ես սպասեմ, որ գումար հավաքվի որդուս կյանքը փրկելու համար: Հավատում եմ, աղոթքներս տեղ կհասնեն ու ամեն ինչ բարեհաջող կավարտվի»:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:


Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: