«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է եկամտային հարկը նվազեցնել. ՀՀԿ-ն նախագիծը որակում է խնդրի լուծման իմիտացիա. ԱԺ նիստը՝ ուղիղ

11:49 • 15.01.18

ԱԺ-ում այսօր քննարկման ներկայացվեց «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եկամտային հարկի փոփոխությանն է վերաբերում:

Նախագիծն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացություն էր ստացել:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկում են մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների՝ հունվարի 1-ից փոխված 23% եկամտահարկն իջեցնել 21%-ի, իսկ 150 000-ից 300 հազար եկամուտ ունեցողների եկամտահարկը գործող 28%-ից դարձնել 26%:

«Անհարժեշտությունը պայմանավորված է հետևյալով՝ 2015-ից հետո կառավարությունը թոշակ, աշխատավարձ չի բարձրացնում և միջնաժամկետ ծախսերի ծրագրով ևս երեք տարի չի բարձրացնելու: Ստեղծված գնաճը դասակարգային բնույթի չէ, այսինքն՝ չի վերաբերում գյուղատնտեսությանը, քանի որ եկամտահարկով չեն գանձվում: Հիմա մենք ասում ենք՝ քանի դեռ թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, ինչը վերաբերում է բոլորին, գործող միջոցը եկամտահարկի նվազեցումն է, որը գնաճի զսպման միակ լուծումն է»,-ասաց նա և ապա շեշտեց, թե գնաճը հարկային բեռի արդյունք է:

Միքայել Մելքումյանը թվարկեց, թե սեղմված գազի ակցիզային հարկը 20 դրամ ավելացնելով՝ 10 մլրդ դրամ բյուջե է մտնում, ծխախոտի դեպքում՝ 5,8 մլրդ դրամ:

Պատգամավորը բացատրեց, թե երբ ասում են՝ որտեղից այդքան գումար, այն ահռելի է, պետք է հաշվի առնել, որ մարդը չի խնայելու 3000-4000 դրամ, այլ ծախսելու է կոմունալների վրա և այլն, այսինքն՝ երեք ամիս հետո այդ գումարը կրկին բյուջե է վերադառնալու: Բացի այդ, նախատեսվում է 1,3 տոկոս տնտեսական առաջանցիկ աճ, ինչն էլ արդեն կփակի ծախսերը։

«Պետք է ժողովրդին շանս տալ, որ շնչի»,-ասաց նա:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, թե եթե այս օրենսդրական նախաձեռնությունը չլիներ, ինչ կունայինք հունվարի մեկից հետո գործող հարկային օրենսգրքով. «Հունվարի մեկից հետո մինչև 279 000 դրամ եկամուտ ստացողները, որոնք աշխատուժի 90 տոկոսն են կազմում, նրանց համար եկամտահարկը նվազում էր, իսկ եթե սա դնում ենք օրակարգում, 300 000 ստացող աշխատողի եկամուտը բարձրանում է 3000 դրամով, այսինքն՝ օրական 100 դրամով: Ասացեք, արդյո՞ք մենք սրանով գնաճի դիմադրողականությունն էական մեծացնում ենք»։

Ըստ նրա՝ եկամտահարկին պետք է անդրադառնալ արմատական ձևով: «Այսպես կիսատ-պռատ լուծումները ոչինչ չեն բերում, տնտեսական պարզ վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ թե քաղաքական լուծում են պարունակում, այլ կներեք՝ իբրև թե մի բան ուզում ենք անել, իմիտացիա ենք անում, որ լուծում ենք: Սա ճիշտ ճանապարհ չէ, և սխալ ազդակներ է փոխանցում հանրությանը»,-ասաց նա: