Պերմում անհայտ անձինք հարձակվել են դպրոցներից մեկի վրա. վիրավորվել է 8 աշակերտ և ուսուցչուհին

10:58 • 15.01.18

Դանակով զինված և դիմակավորված երկու տղամարդ հարձակվել է Պերմի դպրոցներից մեկի վրա: Ութ աշակերտ և ուսուցչուհին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պերմի երկրամասի տարածքային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ելենա Դուբինինային:


Շրջանային առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու վիրավորները՝ ուսուցիչը և 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են: Նրանց այժմ վիրահատում են:


Դեպքը տեղի է ունեցել №127 դպրոցում՝ տեղի ժամանակով ժամը 10:19-ին:


Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ջոկատները և ոստիկանությունը:


Կասկածյալները ձերբակալվել են, պարզվում են նրանց շարժառիթները: