«Կրակ և ցասում». Դոնալդ Թրամփի մասին գրքի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի. HR

13:22 • 18.01.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի գրած սկանդալային գիրքը հեռուստասերիալի հիմք կհանդիսանա: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը:

Նշվում է, որ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա գրքի հեղինակը:

Հայտնի է, որ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը վաճառքի է հանվել հունվարի իննին՝ դառնալով բեսթսելլեր ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, նշվում է, որ Դոնալդ Թրամփը չէր ակնկալում դառնալ ԱՄՆ նախագահ, նրա կին Մելանյային ցնցել է առաջին տիկին դառնալու հեռանկարը, իսկ Թրամփի մի շարք խորհրդականների անհանգստացրել է նրա հոգեկան առողջության վիճակը:

Սպիտակ տունը կտրականապես հերքել է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ է հղել հեղինակին և հրատարակողին՝ պահանջելով դադարեցնել գրքի հրատարակումը և տարածումը:

 

 

«Կրակ և ցասում». Դոնալդ Թրամփի մասին գրքի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի. HR