Ով կարող է լինել ՀՀ նախագահ և ինչ լիազորություններ նա ունի նոր Սահմանադրությամբ
Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. դեկտեմբերի 6-ի ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին կանցնի 2018 թ. փետրվարից: Նոր Սահմանադրության համաձայն՝ փետրվարի 19-28-ը առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Իսկ մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին:
Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվում են, և երկրի առաջին դեմքը ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը:
Հանրապետության նախագահը պետության գլուխն է, հետևում է Սահմանադրության պահպանմանը, նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Նախագահին է վերապահված օրենքների ստորագրումը և հրապարակումը կամ ՍԴ դիմելը: Հանրապետության նախագահն է ընդունում կառավարության հրաժարականը, փոփոխություններ է կատարում կառավարության կազմում:
Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում ևս կրճատվել են: Նորընտիր նախագահն այսուհետ կառավարության առաջարկությամբ է կնքում միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին:
Հանրապետության նախագահը հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում կրճատվել են: Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը մնում է նախագահի լիազորությունների դաշտում: Հանրապետության նախագահը լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Դատապարտյալներին ներում շնորհելու մասին որոշումը ևս կայացնում է նախագահը:
Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը կրկին վերապահված է նախագահին: Նախագահը պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը ևս նախագահի լիազորությունն է: Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
Ազգային ժողովը հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում է լինում:
Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով:









