Այս պահանջի սեփականատերը պետք է դառնան ՀՀ ավելի շատ քաղաքացիներ․ Ն. Փաշինյանը հայտարարեց` հաջորդ երթը` փետրվարի 5–ին (թարմացված, տեսանյութ)

17:16 • 19.01.18

19.20

Այս պահանջի սեփականատերը պետք է դարձնել ՀՀ ավելի շատ ու շատ քաղաքացիների․ Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի երթը ամփոփեց  Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ «Ելք» դաշինքն այսօր իրականացրել է իր պատմության ամենամարդաշատ և ամենաէներգետիկայով լեցուն երթը:

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ «Ելք» դաշինքը որևէ մի օր անցկացնելու է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ երթը,- ասաց նա՝ նշելով մի քանի արձանագրումների պատասխաններ,-ինչու՞ մենք քայլեցին Երևանի փողոցներով․ մենք քայլեցինք Երևանի փողոցներով  արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվելու է, որ ՀՀ քաղաքացիները, նրանց մեծամասնությունը թանկացմանը ասում է՝ ո՛չ, թալանին ասում է՝ ո՛չ,- ասաց նա՝ հավելելով, որ մենք նաև պետք է արձանագրենք, թե սրանից հետո ինչ է լինելու,- այս խնդրի, պահանջի, էներգետիկայի սեփականատերը պետք է դարձնելն  Հայաստանի Հանրապետության ավելի շատ ու շատ քաղաքացիների»:

Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ այս ընթացքում իշխանությունները՝ կառավարությունը, պետք է մտածեն Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին: «Խոսքն այնպիսի փոփոխությունների մասին է, որը ոչ միայն կկասեցնի, այլև«հետ ողորմեա» կանի բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի գները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է նաև վերանայվի եկամտահարկը, որը ՀՀ քաղաքացիներից անտրամաբանական գումարներ է գանձում այս սոցիալական ծանր պայմաններում:  

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ իրենց հաջորդ երթը լինելու է փետրվարի 5-ին, որն ունենալու է կոնկրետ նպատակ ու պահանջ: «Եթե մինչև այդ իշխանությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը, չնախաձեռնի Հարկային օրենսդրության փոփոխություն ,իսկ «Ելք» դաշինքը հիմա վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը, այդ երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը, մենք կպահանջենք, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները «հետ ողորմեա» անեն»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե իրենք իշխանափոխության պահանջ չեն դնում,  նշեց․ «Եթե մենք չենք կարողանում հանրությունը կոնսոլիդացնել այն աստիճանի, որ նրանց ստիպենք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ և գնալ զիջումների, զիջել թանկացումները, մենք ո՞նց ենք նրանցից պահանջելու լքել իշխանությունը»,- ասաց նա:

 
18.38


Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թանկացումների դեմ պայքարի հաջողությունը մեծամասամբ կախված է քաղաքացիներից:

«Պետք է պահանջը հստակ ձևակերպվի որպես հանրային պահանջ»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե հանկարծ պահանջը հստակ չձևակերպեն, ապա թանկացումները կրկնակի ավելանալու են:



18.30

Այս պահին երթի մասնակիցները քայլում են Մաշտոցի պողոտայով: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով քաղաքացիներին՝ ասաց, որ իրենք պահանջում են գների իջեցում:

Նա նշեց, որ այն պահից սկսած, երբ «Ելք» դաշինքը հայտարարել է, որ պայքարելու է թանկացումների դեմ, իշխանությունները ներկայացնում են, թե իրենք էլ փորձում պայքարել թանկացումների դեմ:

«Իրականում ես ցանկանում եմ արձանագրենք մի բան, այն պահից, երբ իշխանությունները տեսնեն, որ թանկացումների դեմ պայքարող ուժ և ժողովուրդ չկա, ոչինչ նրանց չի խանգարելու շարունակել այդ կործանարար գործընթացը: Եթե մեր իշխանությունն իրոք ուզում է կասեցնել թանկացումները, ուրեմն ունի խորհրդարանական մեծամասնություն, թող փոփոխություններ նախաձեռնի Հարկային օրենսգրքում, հետվերադարձնի հարկային դրույքաչափերը 2017 թ․ մակարդակին»: 





18.18

Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց մեքենա հրելով՝ որպես Հայաստանի ներկայիս տնտեսության խորհրդանիշ


Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց «բրդվող» մեքենայով: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը՝ նաև խորհրդանշելով գազի գնի թանկացումը:

«Մեր անակնկալը, երթի սկզբից մի խումբ երիտասարդներ կբրդեն ջորի մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ավտոմեքենան կխորհրդանշի այն տնտեսությունը, այն տնտեսական իրավիճակը, որ այսօր Հայաստանում հաստատվել է: Նախկինում վարչապետը հայտարարում էր՝ բենզինը թանկացել է, գազով քշեք մեքենաները: Հիմա, որ գազը թանկացել է, այլընտրանք կա ժողովուրդ ջան, բրդեք ձեր մեքենաները»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Ելքի» նախաձեռնած բողոքի պահանջը հետևյալն է՝ կասեցնել թանկացումները և հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել: Բողոքի երթը ընթանում է «հարկային բեռի իջեցում» և «գների իջեցում» վանկարկումներով:

«Մեր այսօրվա պահանջը շատ հստակ է՝ վերջ տալ Հայաստանի քաղաքացիների թշվառացման պրոցեսին: Սրանում է մեր այսօրվա պրոբլեմը և այս ընթացքում տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների թշվառացումը: Իսկ ավելի մեծ աղքատացումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ավելի ամուր են գամվելու 10 հազար դրամանոց շղթաներով: Մենք այսօր կոնկրետ խնդիր ենք դրել ձեր օգնությամբ լուծել մի կոնկրետ խնդիր, այն է` հարկային օրենսգրքի փոփոխությունները»,- հայտարարեց պատգամավորը:

Բողոքի երթի կազմակերպիչները պահանջում են բարձրացված հարկերը վերադարձնել 2018 թ.-ի հունվարի 1-ին նախորդած մակարդակի: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով բարձրացել էր սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի և շատ այլ ապրանքների ակցիզային հարկը:

«Շատերը մեզ այսօր քննադատում են, որ թանկացումների դեմ եք պայքարում, փոխանակ քաղաքական պահանջներ առաջադրելու: Բայց մի՞թե թանկացումներն ընդամենը սոցիալական խնդիր են իրենց մեջ պարունակում, ոչ ամենևին, որովհետև այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է Հայաստանի քաղաքացիների էլ ավելի աղքատացում: Մենք քաղաքացիներից այս խնդրի լուծման համար մի բան ենք խնդրում քաղաքացիներից, բռնել այն ձեռքը, որը մենք պարզել ենք իրենց»,- ասաց նա:






17.59


Այս երկիրը սարքել են կաշառված ամրոց, և իշխանությունները գոհ են այս վիճակից. Արամ Սարգսյան


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում խոսել վիճակագրական թվերի և թերի օրենքների մասին: 

Նա թանկացումների դեմ երթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, թե իրենց նպատակն ու երթի ակնկալիքներն այլ են: Նա գտնում է, որ բոլորի համար հասկանալի է, որ իշխանության բերած օրենքները հարվածի տակ են դնելու այն ընկերություններին, որոնք մաքուր աշխատում են հարկային դաշտում:

«Վարչապետն ասում էր, որ բողոքելու բան չունեք, դեռ մի բան էլ մեր մոտ լավ է, որ Վրաստանից ու Ադրբեջանից լավ ենք ապրում: Ասում էր, որ լավ ենք արել, օրենքը փոխել ենք, դեռ մի բան էլ լավություն ենք ձեզ արել, գնացեք, ապրեք: Տեսականորեն նույն էր ասում նաև երկրի նախագահը, երբ ցուցում էր տալիս, թե գնացեք, տեսեք` էդ փոփոխությունները, որ արել են, ագահությունի՞ց է, թե իրականում խնդիրներ կան»,- ասաց նա:

Սարգսյանը պնդեց՝ խորհրդարանում իրենք բացատրել են, որ քննարկվող և ընդունված մի շարք օրենքներ սխալ են ու բացասական հետևանքներ են ունենալու, որոնք շտկելը կարող է շատ դժվար լինել: Պատգամավորը շեշտեց, որ իրենք իշխանություններին բացատրել են, որ բյուջեն լցնելու հիմնական փողը ստվերում է։

«Այս երկիրը սարքել են կաշառված ամրոց. թե՛ բերողը, թե՛ իշխանությունը գոհ են այս վիճակից, որովհետև դրանով իրենք լավ են ապրում: Իրենք չեն ուզում մտել այդ դաշտ, չեն ուզում 50-60 տոկոս ստվերը հետ բերեն պետական բյուջե՝ պետության պարտքերը մարելու համար: Փոխարենը մտնում են այն ոլորտներ, որոնք մաքուր են աշխատում և ցանկության դեպքում էլ չեն կարող ստվերում աշխատել՝ խոսքս վերաբերում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որոնք դրսի հետ են աշխատում»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Խորհրդարանականի գնահատմամբ՝ իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է: Նա նկատեց, որ իրենց շատ են ասել, որ ընդդիմադիր խմբակցությունը միայն 9 հոգի ունի և շատ բան անել չի կարող և այսօր նպատակն է, որ ապացուցեն, որ իրենց թիկունքում ՀՀ քաղաքացին է:







17.42 

Այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը. Էդմոն Մարուքյան

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հրավիրած երթին իրազեկեց, թե ինչն է նման թանկացումների պատճառը և հայտարարեց, թե այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը:

Մարուքյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել, մի շարք հարկատեսակներ են ավելացվել: Ըստ նրա, խնդիրը կապ ունի ներքին օրենսդրության հետ: «Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բարձրացվել է, որը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր միջին խավին, եթե կարելի է ասել, որ ունենք միջին խավ»,-ասաց նա և նշեց, թե թանկացումների այս հարվածները շատ հուժկու են:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ սեղմված գազի, բենզինի և դիզվառելիքի թանկացումը բոլոր ոլորտների վրա անդրադառնալու է և անդրադարձել է։ «Պատճառաբանում են, իբր միջազգային գների թանկացման պատճառով է, բայց թանկացել են ԱԺ-ի կողմից նոր Հարկային օրենսգրքով, որին «Ելքը» դեմ է քվեարկել, փոփոխություններ առաջարկել և որոնք մերժվել են: Ունենք 9 մանդատներ, ես վստահ ենք, որ կարելի է փոխել ձեր աջակցությամբ, և այդ էներգիան ուղղելու դեպի քաղաքական մեծամասնություն»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենց նվազագույն պահանջն է նախկին եկամտահարկի չափին վերադառնալը, որովհետև նախկինում էլ, ըստ նրա, հարկային բեռը շատ բարձր է եղել: 

Բացի այդ, ըստ նրա, նաև մի շարք այլ ապրանքների գներ, արդեն միջազգային գործոնով պայմանավորված, թանկացել են, քաղաքացիների սոցիալական բեռն ավելացել է, չեն բարձրացվել թոշակներն ու աշխատավարձերը, նպաստները: 

«Այսինքն՝ շարունակում են հավելյալ գումարներ հավաքել, մի կողմից ստվերային տնտեսությունից գումարներ չհավաքելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, հարկային բեռն են ավելացնում՝ չավելացնելով եկամուտները»,-ասաց նա:





Քիչ առաջ մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։

Նախապես հայտարարվել էր, որ կազմակերպիչները երթով կշարժվեն քաղաքի կենտրոնական փողոցներով՝ մեկնարկը տալով Մոսկվա կինոթատրոնի հրապարակից:

Քաղաքական ակցիայի օրակարգի մյուս հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն:

Հիշեցնենք, որ որևէ քաղաքական ուժ հայտարարությամբ չմիացավ դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ պայքարին: