Թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված նպատակներին. Թուրքիայի փոխվարչապետ

09:47 • 22.01.18

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված բոլոր նպատակներին, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

«Երբ ռազմական գործողությունը հասնի ի սկզբանե դրված նպատակին՝ Թուրքիան դուրս կգա Սիրիայից», - հավաստիացրել է Բոզդաղը՝ շեշտելով, որ իրենք պայքարում են ահաբեկչության, և ոչ աֆրինցի խաղաղ բնակչության դեմ:

Նշենք, որ Աֆրինի հիմնական բնակչությունն ազգությամբ քուրդ է, այստեղ ապրում են նաև արաբներ և թուրքեմեններ:

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք «հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և շարունակելու են գործել այդ սկզբունքների շրջանակներում»:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր իսլամիստական խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: