Տեսականորեն բացառվում է, որ այս արտոնություններից օգտվողներ կլինեն. Գ. Պետրոսյանը՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ Աշխատանքային օրենսգիրքը մի քանի անգամ փոխվել է, սակայն ուշադրության կենտրոնում չի պահվել, ինչպես ինքը որակեց, պետության համար կարևորագույն արժեքներից մեկի՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների կամ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների ընտանիքի անդամների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցը: Նրա խոսքով՝ այս օրինագիծն իրենց կողմից շրջանառության մեջ է դրվել ի նշան հայ ազատամարտիկի նկատմամբ հարգանքի:
«Օրինագծով առաջարկվում է, որ անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից, հաստիքները կամ թվաքանակը կրճատելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում, աշխատելու նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին: Ընդ որում՝ պայման դնել, որ եթե որակավորումները հավասար է, եթե արտոնության մասին է խոսքը, ապա հաշվի առնվի, որ նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»,-ներկայացրեց նա:
Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Աշխատանքային օրենսգրքում նման փոփոխություններ անելն իսկապես կարևոր է՝ հատկապես «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում: Նա չի հասկանում կառավարության կողմից այս նախագիծը մերժելու հիմքն ու պատճառաբանությունը: Ըստ նրա՝ իրենց առաջարկով ոչ մեկի վրա ավելորդ սոցիալական բեռ չի ընկնում:
«Կառավարության ներկայացրած նախագծում ընդհանուր միտքը կա, բայց իմ մոտ չպարզաբանված հարցեր կան: Այստեղ խոսվում է այլ հավասար պայմաների և այլնի մասին, սակայն իրավական տեսնակյունից «այլ հավասար պայմաններ» եզրույթը շատ խոցելի է, քանի որ ոչ մեկ չգիտի, թե դա ինչ է իրենից ենթադրում։ Պայմաններ են առաջադրված, օրինակ՝ ներառված է առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի ցուցակում, կամ զոհվածի երեխաների, թոռների, քույրերի խնամքով մինչև վերջիններիս 18 տարեկան լրանալը պետք է զբաղվի, ունի հաշմանդամություն, ինչպես նաև չունի մասնագիտական կրթություն կամ որակավորում ու ընտանիք միակ աշխատողն է: Ընկերներ, այս պայմաններն առաջադրելու դեպքում տեսականորեն բացառվում է, որ այս արտոնություններից օգտվողներ կլինեն»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը հավելեց, թե հարգելով կանխավարկածի նորմը՝ միևնույն է, համարում է, որ հնարավոր է՝ կառավարությունն իրենց առաջարկությունից հետո է հարցը ներառել օրենսգրքում:
«Կառավարության ներկայացրած նախագծերը շրջանառության մեջ մտնելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում: Դա նույնն է, թե մարդը գնա բժշկի` երիկամի խնդրով, նրան ասեն՝ վեց ամսից ընդհանուր ստուգման ես գալու, սպասի այդ ժամանակվան»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:
Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, որը նախագծի հարակից զեկուցողն է, չհամաձայնեց պատգամավորի հետ՝ նկատելով, որ կառավարությունն էլ օրենքում փոփոխություններ անելու իր տարբերակն ունի։ Նրա կարծիքով՝ կառավարության կարգավորումն ավելի է ընդլայնում ազատամարտիկների հնարավորությունը:
«Ձեր ներկայացրած տարբերակում, որտեղ նշում եք այլ հավասար պայմանների մասին, ասեմ, որ հավասար որակավորում կամ արտադրողականություն ունենալը բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխատակիցների ստաժը։ Ի տարբերություն պատգամավորական նախաձեռնության, նախարարության նախագծում ոչ միայն զոհված ու հաշմանդամություն ստացածներին են ներառում, այլև հաշմանդամություն ստացած և կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:










