Ումա Թուրմանը պատմել է Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին

11:34 • 04.02.18

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանն անդրադարձել է ամերիկյան կինոարդյունաբերության երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսերին՝ սեքս սկանդալի կիզակետում հայտնված Հարվի Վայնշտեյնին՝ անկեղծորեն պատմելով թեմայի վերաբերյալ իր պատմությունը:

Ինչպես նշում է The Guardian-ը, «Սպանել Բիլին» ֆիլմի հերոսուհու խոսքով՝ Վայնշտեյնը 1990-ական թվականների կեսերին Լոնդոնի Savoy հյուրանոցի համարներից մեկում իր նկատմամբ սեռական ոտնձգություն է իրագործել, սակայն բռնաբարության դեպք տեղի չի ունեցել:

«Նա իրեն այնքան տհաճ էր պահում: Իսկ ես կենդանու՝ մողեսի պես փորձում էի սողալով ազատվել»,- վերհիշել է աստղային շիկահերը:

Թուրմանի պնդմամբ՝ տհաճ միջադեպին նախորդել էր ևս մեկը՝ այդ անգամ Փարիզի հյուրանոցներից մեկում: Վայնշտեյնը նրա հետ հանդիպմանը ներկայացել է լոգանքի խալաթով ու կրկին անպատշաճ վարք դրսևորել:

Դերասանուհին պատմել է, որ Savoy-ում կատարվածից հետո կռվել է պրոդյուսերի հետ ու սպառնացել կործանել նրա կարիերան: Սակայն դրան ի պատասխան Վայնշտեյնն ասել է, որ ինքն ավելի շուտ կկործանի Թուրմանի կարիերան:

Հիշեցնենք, որ 2017-ի վերջին ամերիկյան կինոարդյունաբերության մի քանի տասնյակ ներկայացուցիչ Վայնշտեյնին մեղադրել է բռնբարության և սեռական ոտնձգությունների համար: