Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարակային կառավարվող մի համակարգի. Արարատ Միրզոյան
«Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, հարցրեց, թե ինչու են փորձում օրենքը ներկայացնել որպես իրավական համակարգի ռեֆորմ, երբ ակնհայտ քաղաքական «համակարգաստեղծ» օրենքներից է:
«Այն օրենքներից է, որ դուք Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարակային կառավարվող մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը: Ինչո՞ւ եք բերում օրինակներ, որտեղ միապետություն է, օրինակ՝ Բելգիան, որտեղ թագավորություն է. գիտենք, թե արևմտյան պետություններում թագավորությունները ինչպիսի սիմվոլիկ և արարողակարգային են»,-ասաց նա:
Քրմոյանը նշեց, թե միայն Բելգիայի օրինակը չեն բերում, նաև Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, որտեղ ևս համատեղելի մեխանիզմներ են: Փոխնախարարի խոսքով՝ Բելգիայում թագավորական է, բայց պետք է իմանալ, որ այնտեղ արարողակարգային դերը շատ ավելին է, քան ՀՀ-ում:
«Այլ տարբերակ՝ Սահմանադրությունից բխող մեխանիզմներ, չունենք, որոշումը եղել է բացառապես, թե որ մարմինը պետք է առաջարկություն տա, առաջարկության ձևերն արդեն Սահմանադրությունը կանխորոշել է: Սահմանադրության կամքը ամրագրել ենք օրենքով»,-ասաց Սուրեն Քրմոյանը։
Արարատ Միրզոյանը նշեց, թե հղում են անում Սահմանադրությանը, բայց ոչ տեղին: «Պետք է արձանագրել, որ այս օրենքն այն օրենքների շարքից է, որտեղ Անվտանգության խորհրդի կազմից հանվում է ԱԺ նախագահը, կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, և նախարարներին արգելվում է օրինակ իր իսկ ոլորտի օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություն տալ: Չորս ծառայություն դրվում է վարչապետի ենթակայության տակ, և դուրս է բերում ԱԺ և կառավարության կոլեգիալ կազմից: Մենք գնում ենք սոպերվարչապետական, միահեծան համակարգի, ավելի ճիշտ՝ մենք չենք գնում, դուք եք տանում»,-ասաց նա:









