Ես Արմեն Սարգսյանին հարցնելու եմ, թե ստանձնելով նախագահի պաշտոնը` պատրաստվում է արդյոք Ամուլսարի ծրագրի մասին ազատ խոսել. Լենա Նազարյան
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր՝ ժամը տասներկուսին, նախատեսված է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության հետ:
«Խնդիրն այն է, որ մեկ թեկնածու է լինելու, մի հոգի է հայտնելու կարծիք, և երկրորդ կարծիք չենք լսելու. սա է ամենամեծ խնդիրը»,- ասաց նա և նշեց, որ պարզ էր, թե որ թեկնածուն էր ընտրվելու, սակայն լավ կլիներ, որ երկրորդ կարծիք ևս լիներ:
Նա հայտնեց, որ աշխատանքային այցով Լոնդոնում առիթ ունեցել է խոսել Արմեն Սարգսյանի հետ (ով դեռ դեսպան էր, և հայտնի չէր նախագահի նրա թեկնածության մասին) և նրան հարց է ուղղել Ամուլսարի ծրագրի մասնակցության վերաբերյալ:
Վերջինս հայտնել է, որ եղել է տնօրենների խորհրդում, սակայն համարել է, որ ծրագիրը Հայաստանի համար վնասակար է, և դուրս է եկել:
«Ես պատրաստվում եմ հարցնել Արմեն Սարգսյանին, թե ստանձնելով նախագահի պաշտոնը՝ պատրաստվում է արդյոք դրա մասին ազատ խոսել»,- ընդգծեց Լենա Նազարյանը:
Ըստ պատգամավորի՝ Արմեն Սարգսյանը կհամաձայնի ստանձնել չորրորդ նախագահի պաշտոնը, դրական պատասխան կտա:
«Հանդիպումները պարզապես իր կողմը տրամադրելու քայլեր են: Նա գիտի, որ մենք դեմ ենք քվեարկելու, և հանդիպումից ոչինչ չի փոխվելու: Մենք դեմ ենք քվեարկելու, քանի որ ունենք մեր թեկնածուն»,- հավելեց նա:










