Մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա, իսկ  Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկում պահանջեց

14:04 • 09.02.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա նիստին մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը նիստերի դահլիճից հեռացված էր: Գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանն ասացին, որ դահլիճ բերեն Սաֆարյանին, այլապես կլքեն նիստերի դահլիճը: Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը, իսկ քանի որ դատախազը հանդես էր գալու մեղադրական եզրակացությամբ, ապա դատարանը որոշեց նիստերի դահլիճ բերել Գևորգ Սաֆարյանին և Ժիրայր Սեֆիլանին:

Մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարեց փաստարկված, և Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: