ԱԺ-ն ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը. «Ծառուկյան» դաշինքը դեմ խոսեց, բայց քվեարկեց ազատ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների փաթեթը՝ 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա հայտարարեց, թե փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքին և կոչ արեց փաստաբաններին՝ նման օրենքի գոյության համար միանգամից դիմել ՄԻԵԴ։
«Պատրաստ եմ օգնել փաստաբաններին Սահմանադրական գանգատ պատրաստել ՄԻԵԴ ներկայացնելու համար»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս օրենքը լրացուցիչ մկրատ է լինելու փաստաբաններին պատժի ենթարկելու համար: «ՀՀ դատական համակարգի, մեղմ ասած, խայտառակ վիճակը փաստաբանների մեղքով չէ, և դատավորին, որ վարում է դատական վեճը, տալիս ենք հավելյալ մկրատ, որ փաստաբաններին պատժի և հավասարակշռությունը փոխի: Այնուամենայնիվ, դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով»,-ասաց նա:
Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ դեռ երեկվանից քննարկվում է այն հարցը, որ փաստաբաններին տուգանքի ենթարկելը հակասում է եվրոպական կոնվենցիաներին, բայց դա այդպես չէ։










