ԱՄՆ կոնգրեսականները չեն հաստատել բյուջեն. կառավարությունը կրկին կդադարեցնի աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին 3 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներին նորից չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի օրինագծի շուրջ:
Օրինագծի չընդունման հետևանքով դաշնային կառավարության ֆինանսավորումը փետրվարի 9-ից անհնար կլինի:
Աղբյուրը նշում է, որ բազմաթիվ տարաձայնությունների պատճառով Ներկայացուցիչների պալատի անդամները չեն կարողացել ընդունել 600 էջանոց և կես տրիլիոն դոլարանոց բյուջեի օրինագիծը:
Պարբերականը նկատում է, որ օրինագծի հաստատումից հետո, փաստաթուղթն ուղարկվելու է Սենատ, որտեղ դրա շուրջ կարծիքները ոչ պակաս հակասական են:
Հայտնի է, որ դեմոկրատներն օրինագծի ընդունմանը կողմ քվեարկելու դիմաց հանրապետականներից պահանջում են Միացյալ Նահանգներից չարտաքսել մանուկ հասակում ծնողների կողմից անօրինական ճանապարհով ԱՄՆ բերված երիտասարդներին՝ «երազողներին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր այս տարվա հունվարին: Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար հանրապետականները խոստացել էին դեմոկրատներին ուսումնասիրել ներգաղթյալներին չարտաքսելու հարցը:










