Փաստաբանության մասին օրենքի նախագծում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող դատական սանկցիաներին վերաբերող խնդիրները. Դավիթ Հարությունյան

17:19 • 12.02.18

Ազգային ժողովն ընդունել է Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ներառված է նաև փաստաբաններին ու դատախազներին դատական տուգանքի ենթարկելու մասին դրույթը, համաձայն որի՝փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:Համաձայն օրենքի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Փաստաբանները դեմ  էին արտահայտվել  այդ նախագծին, սակայն այն ընդունվեց. այնուամենայնիվ, փաստաբաններն ասում են, որ շարունակելու են գործադուլը:

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

-Պարոն Հարությունյան, պատրաստվո՞ւմ է արդյոք Արդարադատության նախարարությունը որևէ ձևով անդրադառնալ դատական տուգանքը որպես սանկցիա նախատեսելու կապակցությամբ փաստաբանների հայտնած դժգոհություններին, մասնավորապես, որ այն կարող է դատարանների կողմից չարաշահվել և օգտագործվել որպես փաստաբաններին լռեցնելու գործիք:

- Ես կարծում եմ, որ դատական տուգանքին վերաբերող նոր կարգավորումները բավականին հստակ և հավասարակշռված են դրա կիրառման թե՛ ընդհանուր հիմքերի ու պայմանների,  թե՛ առանձնահատկությունների առումով: Դա վերաբերում է և մինչև սանկցիա կիրառելը դատարանի վրա դրված որոշակի պարտականություններին, սանկցիայի հասցեատիրոջ լսված լինելու իրավունքին, դատական տուգանքի բողոքարկման հնարավորությանը, ինչպես նաև բողոքարկման դեպքում դրա կատարումը պարտադիր կասեցնելուն: Ուստի, համոզված եմ, որ ողջամիտ և կշռադատված իրավակիրառողի համար այն լուրջ բարդություններ չպետք է առաջացնի: Այդուհանդերձ, եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները: