Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան սեփական բիզնեսը վարել՝ առանց «խնամակալի» համաձայնության
Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան սեփական բիզնես բացել՝ առանց ամուսնու կամ բարեկամի համաձայնության: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թագավորության առևտրի և ներդրումների նախարարությունը:
«Այսուհետ կանայք կարող են սեփական բիզնեսն ունենալ և օգտվել էլեկտրոնային ծառայություններից՝ առանց խնամակալի համաձայնության մասին փաստաթղթի», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիայում գործող խնամակալության համակարգի համաձայն՝ կանայք իրենց «խնամակալի» համաձայնության ապացույց պետք է ներկայացնեն պետական փաստաթղթաշրջանառության ոլորտում աշխատելու, ճանապարհորդելու և սովորելու համար: Սովորաբար խնամակալը լինում է ամուսինը, հայրը կամ եղբայրը:
Այս քայլը հերթականն է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի բարեփոխումների շարքից, որոնք ուղղված են, մասնավորապես, հասարակական կյանքին կանանց ներգրավվածությանը:










