Վրացական փողոցի՝ պայթյունից փլուզված բնակարանում հայտնաբերվել է գազի անվտանգային ազդանշանը. եթե այն միացված լիներ, պայթյուն չէր լինի (տեսանյութ)
11:45
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն ամբողջությամբ (մոտ 12 քմ), ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել պատուհանները:
Վնասվել է առաջին հարկում գտնվող թիվ 43 բնակարանի մուտքի դուռը, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ, 2-րդ հարկում գտնվող թիվ 45 բնակարանի պատուհանները և մուտքի դուռը, թիվ 46 բնակարանի միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, թիվ 47 բնակարանի հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող թիվ 51, 52, 53 բնակարանների պատուհանները:
10:30
Երևանի Վրացական փողոցի 10-րդ շենքի բնակարանից, որտեղ դեռ գտնվում են իրավապահները և «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները, հայտնաբերեցին անվտանգության ազդանշանային սարքը և հայտնեցին, որ այն համակարգին միացված չի եղել: Պարզապես դրված է եղել հյուրասենյակում՝ առանց միացնելու:
Մասնագետները հայտնեցին, որ եթե այն համակարգին միացված լիներ, պայթյունը տեղի ունեցած չէր լինի: Սա դեռևս նախնական վարկած է:
Նշված շենքի բնակիչներից ոմանք էլ Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ 04։45-ի սահմաններում։
-----------------------------------------------------------------
Այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին,Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի արտահոսքից՝ անփութության հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բնակարանը վերանորոգվում էր, և տանտերն այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում:
Զոհեր և տուժածներ չկան:
Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:
Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:
Պատահարի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
















