Նազարբաևը հաստատել է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը, գրում է РИА Новости գործակալությունը:
Լատինատառ այբուբենին անցման մասին նախորդ հրամանագիրը Նազարբաևը ստորագրել էր 2017 թվականի հոկտեմբերին, ըստ որի ղազախական այբուբենը մինչև 2025 թվականը փուլային ճանապարհով պետք է կիրիլիցայից փոխվի լատինատառի: Այբուբենի անցումն ապահովելու համար նախագահը հրահանգել էր հաստատել լատինական գրի վրա հիմնված 32 տառից բաղկացած ղազախական նոր այբուբենը: Սակայն դրանում առկա էին բազմաթիվ ապաթարցեր, որոնք, ըստ մի շարք մասնագետների ու հասարակ քաղաքացիների, կդժվարացնեին ընթերցումն ու գիրը:
Նախագահի կողմից այժմ հաստատված նոր այբուբենը նույնպես բաղկացած է 32 տառից, դրանում բացակայում են ապաթարցերը, մտցված են նոր դիակրիտիկ նշաններ ու դիգրաֆներ:
Մինչև 1920-ական թվականները ղազախերենում օգտագործվել է արաբական գիր, որին փոխարինելու է եկել լատինատառը: Այն պահպանվել է մինչև 1940 թվականը, երբ ներմուծվել է 42 տառից բաղկացած կիրիլիցայով այբուբենը:
Ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման մասին Նազարբաևն առաջին անգամ խոսել է դեռևս 2012թ.-ին: Այն ժամանակ նա նշել էր, որ դա կնպաստի լեզվի զարգացմանն ու կդարձնի ղազախերենը ժամանակակից ինֆորմացիոն լեզու:










