«Ջրի ձևը» ֆիլմի ստեղծողներին դատի են տվել հեղինակային իրավունքները խախտելու համար

13:42 • 22.02.18

Ամերիկացի դրամատուրգ Փոլ Զինդելի որդին դատի է տվել «Ջրի ձևը» ֆիլմի ստեղծողներին՝ մեղադրելով նրանց հեղինակային իրավունքները խախտելու համար: Այս մասին հայտնում է Variety-ն:

Զինդելի որդի Դևիդի պնդմամբ՝ մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոյի ֆիլմը հիմնված է իր հոր՝ «Թույլ տուր ինձ լսել քո շշուկը» պիեսի վրա, որը գրվել է 1969 թվականին:


Դել Տորոյի ֆիլմը պատմում է խուլուհամր հավաքարարուհու մասին, որն աշխատում է գաղտնի լաբորատորիայում: Կինը սիրահարվում է այնտեղ ապրող երկկենցաղ մարդուն և փորձում փրկել նրան: Զինդելի պիեսում կին հավաքարարը նույնպես աշխատում է գաղտնի լաբորատորիայում, սիրահարվում այնտեղ պահվող դելֆինին և փորձում փրկել նրան:

Դևիդ Զինդելը նշել է, որ աշխատանքների միջև համընկնումներն այնքան ակնհայտ են, որ ֆիլմը պետք է համարվի պիեսի ադապտացիա: Հայցի մեջ նա մեղադրել է ռեժիսոր Դել Տորոյին, պրոդյուսեր Դենիել Կրաուսին և Fox Searchlight կինոընկերությանը դրամատուրգի հեղինակային իրավունքները խախտելու համար, որոնք այժմ պատկանում են նրա երեխաներին:

Փաստաթղթի համաձայն՝ հայցվորները պահանջում են փոխհատուցել բոլոր իրավական ծախսերն ու «անօրինական գործողությունների արդյունքում» ստացված եկամուտը:

Fox Searchlight կինոընկերությունը հերքել է ամերիկացի դրամատուրգի որդու մեղադրանքները՝ անհիմն  անվանելով դրանք:

«Ջրի ձևը» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության 13 անվանակարգում:

Դրանից բացի, ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել «Ջրի ձևը» ֆիլմը: